Արայի լեռան վրա ձնաբքի հետեւանքով մահացածը զբոսավար Նաիրուհի Սիմոնյանն է: NEWS.am-ի հետ զրույցում Նաիրուհու ընկերներից Լյուսին նշեց, որ Նաիրուհին վերջերս հաճախ էր մեկնում արշավների: Դեպքի նախորդ օրը վատառողջ է եղել, իրեն թույլ զգացել:

Հունվարի 28-ին Արա լեռ մեկնած 18 հոգանոց արշավախումբը ձնաբքի մեջ էր հայտնվել, որոնց մեջ է եղել Նաիրուհի Սիմոնյանը. արշավախմբի անդամները նրան հայտնաբերել էին անշնչացած վիճակում:

Այդ օրը վնասվածքներ են ստացել նաեւ ձնաբքի մեջ հայտնված Երեւանի բնակիչներ 22-ամյա Հրաչյա Հարությունյանը եւ 38-ամյա էդգար Նավասարդյանը, որոնք «Արմենիա» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքում են:

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը դեպքի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության եւ ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետեւանքով հայտնվել է ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած:

Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաեւ Երեւանի հատուկ նշանակության փրկարարական խումբը։ Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետեւանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ եւ մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում եւ ընտանիքի անդամներին ու հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը:

Երկու ժամ տեւած համատեղ աշխատանքներից հետո հաջողվել է Էդգար Նավասարդյանին Արա լեռից իջեցնել։ Այժմ բոլորիս հետքրքրում են պատճառներն ու անվտանգության ապահովման հարցը, ինչի վերաբերյալ կիսում եմ ձեր մտահոգությունը»։