Դրանք մեր որոշ հակառակորդների շահարկումներն են։ Այս մասին, այսօր՝ն հունվարի հունվարի 29-ին, ԱԳՆ-ի 2017 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի հեռացման պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքին։
«Մեր որոշ հակառակորդների շահարկումներ են եւ պարզ է, թե ինչու են արվում, միտումնավոր են արվում եւ պետք չէ ընկնել ծուղակները։ Այս թեմայով Հայաստանի կողմից ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ արվել են եւ այստեղ ավելացնելու կամ պակասեցնելու բան չկա», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։
Նշենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը եւ մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ նկատի ունենալով Երեւանում Գարեգին Նժդեհի արձանը: Միջոցառմանը խոսվել է նաեւ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին։ Արդեն հավաքվել է 200 000 ստորագրություն, որտեղ կա նաեւ Նժդեհի հուշարձանը հանելու պահանջ։
Ավելի վաղ 2017-ի նոյեմբերին Երեւանում ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը անդրադառնալով այդ խնդրին ասել էր, որ այդ տեսակետը քիչ հեռանկարներ ունի, քանի որ այն հիմնված է նյութի վերաբերյալ ոչ այդքան խորը գիտելքիների վրա. «Ես խորհուրդ կտայի բոլոր ռուսաստանցի եւ հայաստանցի փորձագետներին մինչ բարձրագոչ հայտարարություններով հանդես գալը համապարփակ ուսումնասիրել խնդիրը եւ սկզբնաղբյուրները, հղում կատարել այն ամենին, ինչն իսկապես եղել է: Ուստի ոչ մի միջազգային դատարան դիմելու կարիք չկա, որպեսզի այն դիտարկի հայ ժողովրդի վերաբերմունքն իր հերոսներին: Մենք հրաշալի գիտենք ՀՀԿ կանոնադրությունը եւ գաղափարախոսությունը: Եվ կարող ենք հայտարարել, որ այն իսկապես կրում է ժողովրդավարական բնյութ, արմատական գաղափարախոսությունների հետ ոչ մի կապ չունի»:




























