News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախում ժամկետային զինծառայող է մահացել: 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի դին հայտնաբերվել է ճակատի շրջանում հրազենային վիրավորումով: Նախնական տվյալներով՝ Գրիգորյանը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. վերջինը խախտել է զենքի հետ վարվելու կանոնները: Քրեական գործ է հարուցվել, մահացածի ծառայակիցը ձերբակալված է: Նշենք, որ Հովսեփ Գրիգորյանը բնակվել է Ռուսաստանում, Հայաստան էր եկել՝ զինծառայության մեկնելու: Նա բանակ էր զորակոչվել 2017 թվականի ամռանը:

Հայաստանի եւ Արցախի նախագահներն ու կառավարության անդամները երեկ վաղ առավոտյան «Եռաբլուր»-ում էին. հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 26-ամյակն էր: Վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարության պանթեոն են ժամանել միկրոավտոբուսներով: Ո՞ւր են նրանց շքեղ ավտոմեքենաները. հարցը գործադիրի անդամներն անպատասխան են թողել: Կարեն Կարապետյանը նշել է միայն, որ նման արարողակարգ է սահմանվել: Ի դեպ, առաջին անգամ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Եռաբլուր»-ում՝ շնորհավորելով բանակի օրվա առիթով: Նախագահը նաեւ հետմահու պարգեւատրել է զոհված զինծառայողներին՝ պարգեւները հանձնելով նրանց ընտանիքների անդամներին: 

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է հանրապետականների հետ: Իշխող կուսակցության գրասենյակում անցկացված հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Հավաքից հետո Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է, որ սա քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարքից էր, իսկ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկին վերջնական պատասխան կտա մի քանի այլ հանդիպումներից հետո միայն: Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Դաշնակցության ներկայացուցիչներին: Խորհրդարանական մյուս ուժերից «Ելք»-ի հետ Հանրապետականի նախագահի թեկնածուն կհանդիպի հաջորդ շաբաթ, իսկ «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն այս պահին հայտնի չէ:

Եվրոպական երկրների կողմից Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման գործընթացը կսկսվի մայիսի կամ հունիսի 1-ից: Արտգործնախարարության 2017 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել է, որ Հայաստանը վավերացմանն ուղղված քայլեր կանի մինչեւ ապրիլ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններն անցյալ տարի շարունակվեցին. հանդիպեցին նաեւ նախագահները: Առաջընթաց, սակայն, դեռեւս չկա: Այս տարվա առաջին՝ Կրակովում կայացած հանդիպմանն էլ քննարկվել է Կասպրշիկի թիմի ընդլայնման հնարավորությունը: Նալբանդյանը հույս ունի, որ գոնե այս անգամ Բաքուն չի խախտի պայմանավորվածությունը: Արցախից բացի՝ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է նաեւ Երեւանի տարածքային պատկանելության մասին: Նալբանդյանն առաջարկում է Իլհամ Ալիեւին հրավիրել Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի տոնակատարություններին. թող գա, տեղում համոզվի:

Ռուսաստանում օրերս ստորագրահավաք է սկսվել. պահանջում են հանել Երեւանում տեղադրված Գարեգին Նժգեհի արձանը՝ պատճառաբանելով ֆաշիզմի հերոսացման եւ նեոնացիզմի վերածնման դեմ պայքարով: Նախարարը սա մեր հակառակորդների շահարկում է որակում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ եւս մեկ անգամ հաստատել է. «Ռոբսոն» մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը, որի անունը կապվում է քրեական շրջանակների հետ, եղել է իր խորհրդականը: Նախարարը, սակայն, չի պատասխանել հարցին, թե ի՞նչ խորհուրդներ է տվել Թաթուլյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը կշարունակի պաշտոնավարել: Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո հանդիպել է նախագահին եւ վարչապետին, ու փոխել միտքը: Մանուկյանի մամուլի խոսնակն ասել է՝ նախարարը հրաժարականի դիմում էր ներկայացրել անձնական պատճառներով, բայց «հիմա հարցը հանվել է օրակարգից»: Խոսնակը, սակայն, չի նշել, թե ինչ պատճառների մասին է խոսքը:

Նախօրեին Արա լեռան վրա ողբերգական դեպք է տեղի ունեցել. արշավի մեկնած 18 հոգանոց խումբը հայտնվել է ձնաբքի մեջ: Պատահարի հետեւանքով խմբի անդամներից 33-ամյա Նաիրուհի Սիմոնյանը մահացել է. նա Ալավերդիից էր, լեռնագնաց էր եւ զբոսավար: Խմբից 2 տղամարդ էլ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նրանցից Էդգար Նավասարդյանը՝ խմբի ղեկավարը, բազմաթիվ կոտրվածքներ ունի: 38-ամյա տղամարդն առաջիկայում 3 բարդ վիրահատության է ենթարկվելու: Նրան օգնելու համար ընկերներն արդեն դրամահավաք են նախաձեռնել:

Մյուս տուժածը՝ 22-ամյա Հրաչյա Հարությունյանը, թեթեւ վնասվածք է ստացել եւ այսօր արդեն դուրս գրվել հիվանդանոցից: Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր մանրամասներ է հայտնել կատարվածի վերաբերյալ: Մասնագետներն ասում են՝ Ծաղկեվանքի տարածքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, ամենավտանգավոր հատվածն է, քանի որ կանաչապատ լանջերից հետո կտրուկ իջվածք է սկսվում: Դեպքի պահին ձնահյուսի առաջին հարվածին ենթարկվել է Էդգար Նավասարդյանը. լեռնագնացն ու եւս 6 արշավական շուրջ 30-40 մետր ցած են գլորվել:

Նյու Յորքում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հոբելյանական` 60-րդ արարողությունը: Այս տարի «Գրեմմի»-ի էին առաջադրվել նաեւ Տիգրան Մանսուրյանը եւ Կոնստանտին Օրբելյանը: Նրանք, սակայն, չեն հաղթել: Ամենաշատ արձանիկները ստացել է Բրունո Մարսը. երաժիշտը հաղթել է առաջադրված բոլոր 7 անվանակարգերում: Քենդրիկ Լամարը հաղթող է ճանաչվել 5 անվանակարգում, իսկ գլխավոր մրցանակներից մեկը ստացած միակ կինը կանադացի Ալիսիա Քարան է: Կոմպոզիտոր Ռենդի Նյումանը «Գրեմմի» է ստացել Պուտինի մասին երգի համար. նա հաղթել է «Լավագույն գործիքավորում» անվանակարգում: Մի քանի անվանակարգում առաջադրվել էին նաեւ Լեդի Գագան ու Jay Z-ն, սակայն ոչ մեկում չեն կարողացել հաղթել: Ռեփերի կինը, ի դեպ, միջոցառմանը ներկայացել է 6.8 մլն դոլար արժողությամբ զարդերով:

Կայացել է «Եվրատեսիլ 2018»-ի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները ո՞ր կիսաեզրափակիչներում են ելույթ ունենալու: Վիճակահանության արդյունքով՝ Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչում: «Եվրատեսիլ 2018»-ը տեղի կունենա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում. անցյալ տարվա մրցույթի հաղթողն այս երկրի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն է: Կիսաեզրափակիչ փուլերը մայիսի 8-ին եւ 10-ին են, իսկ եզրափակիչը նախանշված է մայիսի 12-ին: Հավելենք, որ «Եվրատեսիլ 2018»-ի նախորդ տարվա հաղթողի եւ մրցույթի Մեծ հնգյակի ներկայացուցիչները ելույթ են ունենալու միայն եզրափակիչում:

Հունվարի 29-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն ու ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 8 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 677 դրամ:

Հունվարի 30-ի ցերեկն ու 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի գիշերն առանձին շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ից փետրվարի 3-ը 8-10 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես հունվարի 30-ի ցերեկը տեղումներ չեն սպասվում, գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3, ցերեկը՝ +5+7 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ