Համացանցում հոլովակ է հայտնվել, որում առնետը լվացարանակոնքում 2 թաթերի վրա կանգնած մարմնին օճառի փրփուր է քսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոլովակը նկարահանած Պերուի բնակիչ Խոսե Կորեան Metro պարբերականին պատմել է, որ պատրաստվում էր ցնցուղ ընդունել, երբ լվացարանակոնքում նկատել է կրծողին: «Նա իրեն մարդու նման էր պահում: Ես երբեք նման ոչ մի բան չէի տեսել: Սա շարունակվեց մոտ 30 վայրկյան, հետո նա փախավ: Կարծում եմ, որ նա պարզապես ցանկանում էր մի լավ լվացվել»,- ասել է Կորեան:
Փորձագեները, սակայն, այս պատմությունը ճշմարտանման չեն համարում: Այսպես՝ Gizmodo-ն մեջբերել է Հելսինկիի համալսարանի քաղաքային կրծողների մասնագետ Թուոմաս Այվելոյի խոսքը, որը համոզված է, որ առնետը նորմալ վիճակում իրեն այդպես չէր պահի:
«Շարժումները շատ տարօրինակ են: Առնետն իրեն այնպես է պահում՝ ասես ուզում է ինչ-որ բանից ազատվել: Մարմնի վրայի օճառն ակնհայտորեն կենդանու համար խնդիր է: Երբ առնետներն իրենց մաքրում են, սովորաբար օգտագործում են լեզուն եւ ատամները»,- ասել է փորձագետը:
Ֆորդհեմի համալսարանից կենսաբան Ջեյսոն Մանշիի ենթադրությամբ՝ ինչ-որ մեկն առնետին հատուկ օճառով է ծածկել եւ, հավանաբար, նրան մարզել է, թե իրեն ինչպես պահի: