News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել այսօր՝ հունվարի 30-ին,  Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` իրեն ձերբակալելու նպատակով:

Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը:

Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հյուրանոցի սենյակը Հռոմում։ «Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում», - Facebook-ի իր էջում գրել էր Փաշինյանը։

Նշենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նա գտնվում էր ընդհատակում, սակայն 2009-ի հուլիսին լրագրողների ներկայությամբ հանձնվել էր իրավապահ մարմիններին, իսկ ավելի ուշ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Նա 2011 թվականին ազատ էր արձակվել համաներմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ