News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին ու  2018 թ. անելիքներին:

 ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի եւ մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային եւ մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը: «Ամենակարեւորն  այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց  եւ հայեցակարգային, եւ կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել  մեր ամբողջ փաթեթը: Մինչեւ 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարեւոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, եւ անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3  տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը: 

Այդ առումով, կարեւորվել է Կրթության ազգային ինստիտուտի դերը, որի գործունեությունն ուղղված է լիելու բարեփոխումների մշակմանն ու մասնագիտական տեսանկյունից կրթության զարգացման ուղղությունների ներկայացմանը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ներդրվել է ուսուցիչների վերաապատրաստման եւ տարակարգերի նոր համակարգ: Արդյունքում, վերապատրաստվել է շուրջ 7000 ուսուցիչ, ատեստավորման արդյունքում առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 500 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 30 ուսուցչի: Ծրագիրը, որը միտված է ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: Տեղեկացվել է, որ մարզերի եւ Արցախի 11 դպրոցներում արդեն իսկ ներդրվել է Արարատյան բակալավրիատի ծրագիրը: Մշակվում է տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգը, բանակցություններ են ընթանում դոնոր եւ միջազգային կազմակերպությունների հետ: Նշվել է, որ 2017-ին կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել են 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր:

«Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է, որպեսզի մեր քաղաքացին սովորական դպրոցում կարողանա ստանալ լավ կրթություն: Համակարգին մոտիվացնելու համար մենք պետք է ունենանք լավ դպրոցների օրինակներ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ դրանք կարող են դառնալ դպրոցական ընդհանուր համակարգի զարգացման «լոկոմոտիվը»:  Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:

Զեկուցվել է, որ վերանայվել են կրթական ծրագրերը` ներառելով ձեռնարկատիրության եւ ֆինանսական կրթության տարրեր:  2017թ. սեպտեմբերից 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես եւ շրջակա աշխարհը» եւ «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Ձեռնարկատիրական կրթության ներդրման նպատակով նաեւ 1247 դպրոցի մեկական 2-րդ եւ 3-րդ դասարաններում փորձնական ներդրվել է «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Նախատեսվում է մինչ 2019 թվականը նշված առարկան ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ի պատասխան վարչապետի հարցին՝ տեղեկացվել է, որ առարկան դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել:

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ: «Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման  մեթոդոլագիայի նոր համակարգ:

Վարչապետը կարեւորել է նաեւ դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը եւ հորդորել այդ ուղղությամբ լինել խիստ հետեւողական:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Վերանայվել է «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները  հաստատելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրամանը: Դրա շրջանակում վերանայվել է նախադպրոցական կրթության ոլորտում առկա հաստիքացուցակը, ինչի արդյունքում կանխատեսվում է, որ կտնտեսվի 122 մլն դրամ: 

Միաժամանակ, տեղեկացվել է, որ կրթության համակարգում 2017-ին իրականացված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 266 մլն դրամ. օպտիմալացվել է 15 դպրոց, ազատվել է 24377 հազար քմ տարածք: 2018-ին եւս օպտիմալացման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Մենք ինքնանպատակ տարածք տնտեսելու ցանկություն չունենք, մենք նպատակ ունենք ստեղծել նորմալ, լավ կրթական համակարգ, որպեսզի ոչ արդյունավետ գումար չծախսենք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

 Պատասխանատուները տեղեկացրել են նաեւ, որ մշակվել է «Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագիծը: Ներկայումս սկսված են բարձրագույն կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները: Շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: Նշվել է, որ նոր օրենքի արդյունքում կհստակեցվեն բուհերի կառավարման եւ գիտական խորհուրդների գործառույթները, կփոքրացվի կառավարման խորհրդի անդամների թվաքանակը եւ կբացառվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհեր, կամրագրվի վարչական եւ պրոֆեսորադասախոսական պաշտոններում տարիքային սահմանափակումը, կներդրվի բուհերի ռեկտորների հաշվետվողականության  համակարգ, կբարձրացվի ուսանողների ֆինանսավորման հասցեականության մակարդակը: Ակնկալվում է նաեւ բարձրացնել բուհեր-աշխատաշուկա համագործակցության մակարդակը:

 Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ գիտության ոլորտի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին եւ հնարավորություններին: Վարչապետը կարեւորել է ոլորտի զարգացումը՝ ընդգծելով, որ պատասխանատուներից ակնկալում է հստակ ծրագիր, որը կմատնանշի գիտության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարները, կգնահատի դրանց կիրառական նշանակությունն ու արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ