Hauwei չինական ընկերությունը եւ հայկական «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը փետրվարի 1-ին Երեւանում ներկայացրել են Honor 9 Lite սմարթֆոնը: Այսուհետ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանում Honor 9 Lite-ի բացառիկ ներկայացուցիչն է, իսկ սմարթֆոնի վաճառքը՝ 127 900 դրամ արժեքով, կանխիկ եւ ապառիկ գնման հնարավորությամբ, կմեկնարկի փետրվարի 14-ին «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բոլոր գրասենյակներում: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես շնորհանդեսի ընթացքում նշեց Ռուսաստանում Huawei Consumer Business Group-ի նախագահ Օու Իվեյը, 2017 թվականին Honor-ը Չինաստանում ինտերնետ սեգմենտի սմարթֆոնների շարքում վաճառքի ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցրել: Անցյալ տարվա ընթացքում ավելի քան 12 միլիարդ դոլարի 55 միլիոն սմարթֆոն է վաճառվել: Բրենդը հավակնոտ նպատակ է իր առջեւ դնում՝ մինչեւ 2020 թվականը համալրել աշխարհում սմարթֆոնների ապրանքանիշների հնգյակը:
Ռուսաստանում ապրանքանիշի տնօրեն Ռան Շունբայը իր ելույթի սկզբում նշեց, որ շատ հաճելի է գտնվել Երեւանում, քանի որ այստեղ արեւային եղանակն է, իսկ Մոսկվայում՝ ցուրտ եւ ամպամած: Նա հավելել է, որ Ռուսաստանում նրան արդեն «ռուս տղա» են անվանում, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ղեկավարը նրան Honor (պատիվ) է կոչում, եւ դա նրա համար «մեծ պատիվ է»:
Ռան Շունբայը ներկայացրել է սպարթֆոնի տեխնիկական հնարավորությունները. բավական գրավիչ գնով նորույթը փոխառել է բրենդի ամենահայտնի մոդելներից մեկի՝ ֆլագման հանդիսացող Honor 9-ի դիզայնը, իսկ միջուկը ստացել է մի շարք ֆունկցիոնալ առավելություններ, որոնց թվում՝ երկու կրկնակի տեսախցիկ եւ հեշտ կառավարվող FullView HD էկրան:
Honor 9 Lite-ը երկու կրկնակի տեսախցիկ ունի, որոնք բաղկացած են 13MP եւ 2MP մոդուլներից, ինչը թույլ է տալիս օբյեկտիվի երկու կողմերից էլ նկարահանել նույն որակով: Ֆրոնտալ տեսախցիկը ստացել է նաեւ ժեստերով կառավարման ֆունկցիա, որը հնարավորություն է տալի սելֆի անել ավելի հարմար դիրքով։ Փականակը գործի դնելու համար բավական է ձեռքը թափահարել կադրում։
Էկրանն ունի 5.65 անկյուգիծ եւ 1080x2160 լուծաչափ։ Սմարթֆոնը կառուցված է Kirin 659 8–միջուկանի պրոցեսորի հիման վրա, ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32ԳԲ մարտկոց եւ մինչեւ 256ԳԲ ծավալով հիշողության քարտի տեղադրման հնարավորություն, ինչը հնարավորություն է տալիս պահպանելու անսահմանափակ ծավալով լուսանկարներ, երաժշտություն եւ տեսագրություններ։ Սմարթֆոնն աշխատում է Android Oreo նորագույն օպերացիոն համակարգով եւ EMUI 8.0 ֆիրմային ինտերֆեյսով։
Մոդելը հասանելի է «գեղարվեստական» անվանումներով երեք գույնով՝ կեսգիշերային սեւ, շափյուղագույն կապույտ եւ սառցե մոխրագույն: Սմարթֆոնի ստեղծման մեջ կրկնակի ապակի է օգտագործվել, եւ ցանկության դեպքում էկրանը կարելի է որպես հայելի օգտագործել: Սմարթֆոնն առանց լիցքավորման աշխատում է 24 ժամվա ընթացքում:
Ռուսաստանում Huawei-ի ներկայացուցիչների խոսքով՝ Honor 9 Lite-ի թիրախային խումբը երիտասարդներն են: Սակայն երիտասարդ ասելով՝ նրանք ի նկատի ունեն ոչ թե տարիքը, այլ մտածելակերպն ու ապրելակերպը: Honor 9 Lite-ն իրեն դիրքավորում է որպես սմարթֆոն համարձակների համար, իսկ Ռուսաստանում ընկերությունը աջակցում է էքստրեմալ սպորտաձեւերին: Բացի այդ, Huawei-ն իր նորույթը ներկայացնում է որպես «անհաղթելի սմարթֆոն»:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Honor 9 Lite-ի հնարավորությունները չեն զիջում այլ ընկերությունների նմանատիպ սմարթֆոնների հնարավորություններին: «Ասվել է, որ սա սմարթֆոն է համարձակների համար, բայց դա մարքեթինգային լեզու է»,- ասաց Յիրիկյանը՝ հավելելով, որ սա սմարթֆոն է նրանց համար, ով սմարթֆոնով իրեն լավ է զգում եւ կարող է օգտվել դրա բոլոր հնարավորություններից:
«Մենք չենք սահմանափակվի այս հեռախոսով: Այսօր Հայաստանում տրվել է Honor ապրանքանիշի մեկնարկը: Մենք ձեռք ենք բերել համապատասխան էքսկլյուզիվ պայմանագիրն աշխարհահռչակ Hauwei ընկերության հետ, եւ Honor սմարթֆոններն ապագայում կներկայացվեն միայն մեր գրասենյակներում»,- նշեց Ռալֆ Յիրիկյանը՝ հավելելով, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը երկար տարիներ է, ինչ համագործակցում է Huawei-ի հետ, քանի որ ընկերության բջջային ցանցը գործում է Huawei-ի տեխնոլոգիաների եւ սարքերի հիման վրա:
Օու Իվեյը լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ ռուսական շուկայում Honor 9 Lite սմարթֆոնի հաջողությունից հետո նրանք որոշում են կայացրել առաջ տանել այն նաեւ ԱՊՀ երկրներում, եւ Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որտեղ կներկայացվի նոր սմարթֆոնը: «Հայկական շուկան առաջնահերթություն է մեզ համար»,- ասել է նա: