Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից այսօր՝ փետրվարի 2-ին, հրթիռակոծվել է Սոչիից վերադարձող օդանավը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

Նա նշեց, որ  օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:

«Ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ: Ահաբեկիչների նպատակն է եղել խափանել Սոչիի նախաձեռնությունը, սակայն դա նրանց չի հաջողվել»,-ասաց Ռեիսյանը:

Սիրիահայ պատգամավորը հավելեց, որ, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, օդանավն էլ չի վնասվել: