News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մշակութային, կրոնական եւ բժշկական զբոսաշրջությունը կարող է մեծ ներուժ ունենալ Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել  Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Տիկին Վրայլա, ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակը:

26 տարի առաջ Հունաստանը ճանաչել է Հայաստանի անկախությունը, եւ գաղտնիք չէ, որ անցած 26 տարին մեր երկու երկրների միջեւ Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում համակեցության, պատմական, դարավոր ամուր հարաբերությունների միայն մի չնչին մասն են: Մենք կողք կողքի ապրել ենք երկու հզոր կայսրություններում (Բյուզանդական եւ Օսմանյան) եւ վերջիններիս կործանումից հետո կիսել ենք միեւնույն զրկանքները եւ պայքարը, արժանապատիվ ազգային անկախությունները ձեռք բերելու ճանապարհին:

Ցեղասպանությունից փրկված հայերը եւ նրանք, որոնք փախչում էին Փոքր Ասիայի հույների հետ միասին, իրենց նախնիների տարածքներից, հանգրվանեցին Հունաստանում, որտեղ մնացին կարճատեւ կամ երկարատեւ, մինչեւ բռնեցին դեպի Ամերիկա, Եվրոպա կամ այլ երկրներ երկար ճանապարհը` այդպիսով ստեղծելով ճանաչված Հայկական սփյուռքը: Ես հաճախ հանդիպում եմ հայերի, որոնք պատմում են, որ իրենց նախնիները, որոնք հետագայում տեղափոխվել են այլ երկրներ, գեղեցիկ հիշողություններ են պահպանել Հունաստանում անցկացրած տարիների մասին: Իսկ նրանք, որոնք որոշել են մնալ Հունաստանում, այսօր շատ ակտիվ եւ կենսունակ համայնք են կազմում եւ նույն ջերմությամբ սիրում են ինչպես իրենց հայրենիքը, այնպես էլ իրենց հյուրընկալած երկիրը` Հունաստանը:

Այսօր մեր երկկողմ քաղաքական եւ ժողովուրդների միջեւ եղած հարաբերությունները շատ բարձր ռազմավարական մակարդակի վրա են, եւ մենք հույս ունենք դրանք էլ ավելի զարգացնելու այլ բնագավառներում, ինչպիսիք են տնտեսությունը, զբոսաշրջությունը, մշակույթը եւ այլն:

Հունաստանի խորհրդարանը 1996թ-ին պաշտոնապես ճանաչեց 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից եւ քրեականացրեց վերջինիս ժխտումը: Մեր երկիրը պաշտպանեց Հայաստանի եւ Եվրոպական հաստատությունների միջեւ հարաբերությունների մերձեցումը եւ ջերմորեն ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վերջերս ստորագրված համաձայնագիրը։ Այս համաձայնագիրը հնարավորություններ կբացի մի շարք բնագավառներում համագործակցության համար, ինչպես նաեւ ավելի մեծ աջակցություն կապահովվի Հայաստանում  ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների համար։ Մեր երկու երկրները արդյունավետ համագործակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, ՍԾՏՀԿ եւ այլն)։

Հարաբերությունների հաստատումից ի վեր պատկառելի թվով երկկողմ բարձրաստիճան այցեր են տեղի ունեցել նախագահական, նախարարական եւ խորհրդարանների մակարդակով։ Միայն 2017թ-ին Հունաստանի եւ Հայաստանի Արտաքին գործերի նախարարներ պարոն Կոձիասը եւ պարոն Նալբանդյանը հանդիպել են երկու անգամ (մարտին եւ դեկտեմբերին), եւ որակելով քաղաքական հարաբերությունները որպես ռազմավարական, հայտարարել են բոլոր տեսակի երկկողմ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու մասին։

Ինչպե՞ս եք գնահատում հայ-հունական տնտեսական հարաբերությունները: Այդ ոլորտում զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Տնտեսության որ ոլորտներին դրանք կարո՞ղ են առնչվել:

Հայաստանի եւ Հունաստանի միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների մակարդակը շատ ավելի ցածր է առկա ներուժից։ Առեւտրի ծավալը 2016-ին կազմել է մոտ 11 մլն եվրո, որից հունական արտահանումը կազմել է 10,7 մլն, իսկ Հայաստանից Հունաստան արտահանումը կազմել է ընդամենը 270 հազար եվրո։ Գոյություն չունեն հայկական ներդրումներ Հունաստանում, իսկ հունական ներդրումները Հայաստանում շատ քիչ են։

Երկու արտադրատեսակ՝ ալյումին եւ ալյումինե արտադրանք, ծխախոտ եւ ծխախոտի արտադրանք ներկայացնում են հունական արտահանման 60 տոկոսը դեպի Հայաստան։ Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները կարող են իրականանալ մյուս նախաձեռնությունների հետ միասին, մեր երկու երկրներում ցուցահանդեսների փոխադարձ մասնակցության միջոցով, բիզնես այցերի, ապրանքների ներկայացման, համատեղ միջոցառումների միջոցով, Առեւտրի պալատների, Կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։

Արդեն իսկ առաջարկվել է 2018թ-ին Երեւանում կազմակերպել Տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության 6-րդ Միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ կազմակերպել բիզնես ֆորում եւ բիզնես հանդիպումներ։ Կարծում եմ նաեւ, որ հայ գործարարների ակտիվ մասնակցությունը Helexpo s.a. -ի ցուցահանդեսներին Աթենքում եւ Սալոնիկում, ինչպես նաեւ հունական ընկերությունների մասնակցությունը Երեւանի ցուցահանդեսներում եւ Հայաստանի Ազատ տնտեսական գոտիներում կարող է խթանել մեր երկկողմ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները։

Անշուշտ դա գործարարների անհատական որոշելիքն է, բայց մենք դեռեւս տեսնում ենք չհետազոտված հնարավորություններ համագործակցության համար այնպիսի բնագավառներում ինչպիսիք են գյուղատնտեսությունը, դեղագործությունը, վերականգնվող կանաչ էներգիան, սննդամթերքի ոլորտը եւ այլն։

Արդեն գոյություն ունեցող ընդարձակ օրենսդրական դաշտը ներդրումների պաշտպանության, կրկնակի հարկումից խուսափելու համար եւ այլն, կարող են հեշտացնել ներդրումային ծրագրերի իրականացումը երկու երկրներում։ Կա մի բնագավառ, որը կարող է մեծ պոտենցիալ ապահովել համագործակցության համար՝ դա զբոսաշրջությունն է։

Զբոսաշրջությունը շատ զարգացած է Հունաստանում։ Հայաստանը եւս մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտին։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է հեռանկարային տուրիզմի զարգացումը Հայաստանում:

Այո, զբոսաշրջությունը կարեւոր բնագավառ է Հունաստանի տնտեսության համար, իր  ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ տնտեսության  վրա։ Ճանապահորդությունների եւ զբոսաշրջության համաշխարհային խորհրդի վերջին տվյալների համաձայն, Հունաստանի Համախառն ազգային արտադրանքի (ՀԱԱ) մեջ զբոսաշրջությունը 2016-ին կազմել է 13․2 մլրդ եվրո կամ 7․5 տոկոս, իսկ 2017-ին՝ 32․8 մլրդ եվրո կամ 18․6 տոկոս։ Հունաստանում զբոսաշրջության ոլորտում զբաղված է աշխատողների 11․5 տոկոսը, 2017-ից 30 միլիոն այցելու է ժամանել Հունաստան ու կարելի է ասել, որ հունական զբոսաշրջությունը դեռեւս չի հասել իր ամբողջ ներուժի իրագործմանը:

Զբոսաշրջությունը  կարող է մեծապես խթանել նաեւ Հայաստանի տնտեսությունը: Հետեւելով կարեւոր զբոսաշրջային սեկտոր ունեցող երկրների օրինակին, ունենալով ազգային ռազմավարություն զբոսաշրջության համար, կիրառելով համապատասխան հարկեր եւ խթաններ, որոնք կդյուրացնեն ներդրումները, նոր պայմաններ ստեղծելը, ինչպես նաեւ հին պայմանները նորոգելը, արդյունավետ կառավարումը, բանկային համակարգին աջակցությունը վարկերի միջոցով, դրանք այն մի քանի ճիշտ քայլերն են, որոնք կապահովեն առաջընթացը։

Հայաստանը հույներին որպես զբոսաշրջային ուղղություն գովազդելը շատ էական է՝ մասնակցելով այնպիսի ցուցահանդեսների, ինչպիսիք են Philoxenia 2018 կազմակերպված Helexpo s.a. –ի կողմից Աթենքում եւ Սալոնիկում։ Հետագա համագործակցության համար խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջության բնագավառի հայ ուսանողների վերապատրաստումը Հունաստանում՝ Հունաստանի Զբոսաշրջության նախարարության եւ Հայաստանի համապատասխան կառույցների հետ հատուկ պայմանագրերի միջոցով։

Հայաստանի անկախության առաջին տարիներին Հունաստանը աջակցեց Հայաստանին՝ ֆինանսապես օժանդակելով Երեւանում Հայ-Հունական զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության կոլեջի գործունեությանը: Վերջինս համագործակցության տեսակ է, որը անհրաժեշտ է զարգացնել։

Երկկողմ մակարդակում կարելի է նշել Հայաստանից Հունաստան զբոսաշրջիկների թվի լուրջ աճը վերջին տարիների ընթացքում՝ շնորհիվ «Էգեյան ավիաուղիների» ուղիղ կանոնավոր չվերթների կազմակերպման ամբողջ տարվա ընթացքում դեպի Աթենք, եւ չարտերային թռիչքների՝ դեպի Կրետե, Սալոնիկի /Խալկիդիկի/, Ռոդես եւ Կորֆու ամռան ամիսներին, ինչպես նաեւ հետաքրքիր զբոսաշրջային փաթեթների շնորհիվ, որոնք առաջարկում են զբոսաշրջային գործակալություները։ Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հունաստանը դարձել է թիվ 1 զբոսաշրջային ուղղությունը հայերի համար, այդպիսով նպաստելով ինչպես առեւտրական, այնպես էլ ժողովուրդների միջեւ շփումների զարգացմանը։

Համաձա՞յն եք կարծիքին, որ տուրիզմի առկայությունը խոչընդոտում է մյուս ոլորտների զարգացումը:

Զբոսաշրջությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար, քանի որ այն ստեղծում է նոր աշխատատեղեր եւ ստեղծում է պահանջ այլ ապրանքների համար տնտեսության մյուս բնագավառներից, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն, խմիչքի արտադրություն եւ այլն։ Միայն հյուրանոցները չեն, որ օգտվում են զբոսաշրջության զարգացման արդյունքում, մի շարք այլ բնագավառների վրա  նույնպես դրական ազդեցություն է լինում։ Մշակութային, կրոնական եւ բժշկական զբոսաշրջությունը կարող է մեծ ներուժ ունենալ Հայաստանում։ Տնտեսության տարբեր բնագավառներին օպտիմալ ռեսուրսների հատկացումը պետական բյուջեից, ճիշտ քաղաքականություն է բոլոր երկրների պարագայում։

Հունաստանը երկար ժամանակ տնտեսական ճգնաժամի հաղթահարման փուլում էր, անգամ խոսվում էր ԵՄ-ից դուրս գալու հնարավորության մասին: Ի՞նչ վիճակում է այսօր Հունաստանի տնտեսությունը, կարելի՞ է ասել, որ ճգնաժամն արդեն հետեւում է, թե՞ դեռ խնդիրներ կան հաղթահարելու:

Հունաստանի տնտեսությունը արդեն հեռացել է այսպես կոչված «Grexit»-ի  հեռանկարից եւ տնտեսական ճգնաժամային երկրից արդեն դառնում է վերականգնվող տնտեսության երկիր։ Լուրջ աճի առաջին նշաններն ավելի քան նշմարելի են այժմ. Մասնավորապես, գործազրկությունը 2014-ի 26,5 տոկոսից 2016-ին հասել է 23,5 տոկոսի, գնաճը 2017-ին կազմել է ընդամենը 1 տոկոս, իսկ ՀՆԱ աճը՝  2.1 տոկոս:

Այո, կարելի է ասել, որ ճգնաժամը մնացել է հետեւում, քանի որ մենք կիրառում ենք ֆիսկալ, դրամավարկային եւ կառուցվածքային բարեփոխումների քաղաքականություն, որոնք արդեն ներդրված են եւ հասնում են իրենց նպատակին։ Ինը տարվա անընդմեջ տնտեսական դժվարություններից հետո, խիստ խնայողությունների եւ կարգավորող միջոցառումների արդյունքում՝ կիրառելով ճիշտ կառուցվածքային բարեփոխումներ, Հունաստանի տնտեսությունը այժմ գտնվում է մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական ցուցանիշների կայուն շտկվող ճանապարհի վրա։

Որքանո՞վ է տնտեսական ճգնաժամն ազդել Հունաստանի հասարակ քաղաքացիների վրա: Պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու գործադուլները վնասո՞ւմ են տնտեսական խնդիրների լուծմանը, թե՞ խթանում ավելի ճիշտ լուծումներ գտնելու հարցում: Արդյոք մարդիկ Հունաստանում զգո՞ւմ են տնտեսական քաղաքականության դրական ազդեցությունը։

Իսկապես, տնտեսական ճգնաժամը մեծապես ազդել էր շարքային քաղաքացիների վրա, քանի որ այն իր հետ բերել էր նրանց եկամտի եւ ապրելու չափանիշների մեծ արժեզրկում, ավելի պարզ ասած՝ պակասել էր նրանց օրավարձը, աշխատավարձը եւ թոշակները, փոխարենը ավելացել էր հարկումը։ Եթե 2009-ին Հունաստանի ՀՆԱ-ն 140 մլրդ եվրո էր, միջին եկամուտը տարեկան 28 հազար եվրո, ապա այսօր այդ ցուցանիշները նվազել են եւ կազմում են համապատասխանաբար 183 մլրդ եվրո եւ 19 հազար եվրո:

Հունաստանը ժողովրդավարական երկիր է եւ նրա քաղաքացիները ունեն բողոքելու եւ իրենց կարծիքը հայտնելու իրավունք տարվող քաղաքականության վերաբերյալ։ Օրենքը եւ Սահմանադրական իրավունքները ամբողջությամբ հարգվում են Հունաստանում։ Այնուամենայնիվ, իրական փոփոխությունները տնտեսության մեջ եւ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վիճակը կարող է բարելավվել ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ, որը բերելու է տնտեսական զարգացման եւ ճգնաժամի հաղթահարմանը։

Տիկին դեսպան, Ձեր կարծիքով, պե՞տք է դիվանագետն իր առջեւ նպատակ դնի՝ տվյալ երկրում դեսպանի պաշտոնն ստանձնելով:

Ստանձնելով  պաշտոնը օտար երկրում դեսպանը արդեն իսկ ունի նպատակ։ Այն համընկնում է պարտավորությունների նկարագրության հետ, այն է՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր մակարդակներում։ Այդ նպատակը մտքում ունենալով դեսպանի պարտավորությունն է, իհարկե,  հաշվի առնելով իր պաշտոնավարման ժամկետը եւ իր բնավորությունը, առաջ մղելու հատկապես այն բնագավառները, որոնք ունեն զարգանալու ներուժ:

Հիշո՞ւմ եք արդյոք Հայաստան ժամանելու առաջին տպավորությունները։ Կա՞ ինչ որ բան, որ Դուք շատ եք կարոտում լինելով Հունաստանից հեռու։

Այո, հիշում եմ իմ առաջին օրը, շատ դրական տպավորություն էր, քանի որ երեք տարի Նյու Յորքի հորիզոնից հետո ինձ բարի գալուստ ասաց փառահեղ Արարատ լեռը, որը հանդիսանում է Երեւանի հորիզոնի մասը եւ ես զգացի, որ վերադարձել եմ հնագույն պատմության եւ մշակույթի տարածաշրջան։ Նաեւ առաջին իսկ վայրկյանից ինձ շատ ջերմ ընդունելության արժանացրին ինչպես հայ պաշտոնյաները, այնպես էլ ժողովուրդը։ Դա շատ հաճելի սկիզբ էր, ինչը օգնեց հեշտությամբ հարմարվելու։

Անկախ նրանից, թե որքան բավարարված եմ եղել իմ բոլոր մասնագիտական նշանակումներով ամբողջ աշխարհում, ես միշտ կարոտում եմ իմ հայրենիքը եւ հատկապես ծովը ու միշտ ձգտելու եմ վերադառնալ այնտեղ։ Ինչպես բոլոր օտարերկրացիների համար, ում մասնագիտությունը պահանջում է երկար ժամանակով հեռու գտնվել իրենց սիրելի մարդկանցից, ամենաշատը որ ես կարոտում եմ՝ իմ ընտանիքն է եւ ընկերները։

Դուք աշխատել եք տարբեր երկրներում ։ Արդյոք կարծում եք որ մարդու մտածողությունը կարո՞ղ է փոխվել տարբեր երկրներում ապրելով։

Իհարկե, կարծում եմ, որ մտածողությունը կարող է փոխվել եւ անխուսափելիորեն փոխվում է այդքան երկրներում ապրելուց հետո։ Մարդ չի կարող անհաղորդ մնալ իր շրջապատում կատարվող իրադարձություններից։ Մարդ հասկանում է, որ իր երկիրը աշխարհի կենտրոնը չէ եւ փորձելով հասկանալ մյուսներին, նրանց մշակույթը, կյանքի ոճը եւ քաղաքական դիրքորոշումները, կարող է ընդարձակել իր միտքը եւ հարստացնել հոգին, ինչը չափազանց հեշտացնում է ընկալումը, իսկ դա լավ հարաբերությունների հիմքն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ