News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են այցելելու: Փետրվարի 3-ին նրանք հանդիպումներ կունենան Բաքվում, իսկ Երեւանում կլինեն փետրվարի 8-9-ին: Այցի շրջանակում եռանախագահները նաեւ Ստեփանակերտ կմեկնեն:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվել է «Սասնա ծռեր»-ի անդամ Պավլիկ Մանուկյանը: Դահլիճ մտած Մանուկյանին նիստին հետեւողները ծափերով են դիմավորել: Ավելի ուշ նիստերի դահլիճ բերված Ժիրայր Սեֆիլյանին նախ արգելել, բայց հետո թույլատրել են մոտենալ Պավլիկ Մանուկյանին եւ ողջագուրվել:

Հարցաքննության ժամանակ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանում ոչ թե դատարան է, այլ չարիք, այդ պատճառով որոշել է պատասխանել միայն պաշտպանների հարցերին: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին դուր չի եկել, որ Մանուկյանն իրեն «դու»-ով է դիմում: Նա դատարանի եւ նախագահող դատավորի հանդեպ հարգալից վերաբերմունք է պահանջել, Պավլիկ Մանուկյանը հեգնել է: Պաշտպանական կողմն այսօր դատարանին «Սասնա ծռեր»-ի մի քանի անդամի եւս Սեֆիլյանի գործով որպես վկա հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել: Դատարանը մերժել է:

Դամասկոսի օդանավակայանում զինյալները հրթիռակոծել են Սոչիից վերադարձող օդանավը: Ինքնաթիռում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցած պատվիրակության անդամներն են եղել, այդ թվում՝ այդ երկրի խորհրդարանի երկու հայ պատգամավորները: Ժիրայր Ռեիսյանը NEWS.am-ին պատմել է, որ ահաբեկիչների արձակած հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորությամբ: Հետո եւս երկու հրթիռ է արձակվել: Զոհեր, բարեբախտաբար, չկան: Օդանավը նույնպես չի վնասվել:

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106-ամյա Սիլվարդ Աթաջյանը: Թոռան՝ Նունեի խոսքով, տատը մինչեւ վերջին պահը հիվանդ չի եղել, գիտակցությունը տեղն է եղել: Սիլվարդ տատը մահացել է բազկաթոռին նստած: Սիլվարդ Աթաջյան-Շերբեթյանը Մուսա լեռան շրջակա գյուղերից էր, ինքնապաշտպանության տարիներին երեք տարեկան է եղել: Առաջին աշխարհամարտից հետո Շերբեթյանների ընտանիքը Սիրիա է տեղափոխվել, իսկ ավելի ուշ Սիլվարդ տատն ամուսնու հետ հաստատվել է Հայաստանում: Տարիներ առաջ մեր գործընկերները հյուրընկալվել էին Աթաջյաններին: Սիլվարդ տատն արցունքն աչքերին էր պատմում գյուղի մասին: Նունեն էլ հիշում է, որ ամեն տարի սեպտեմբերի երրորդ կիրակի Սիլվարդ տատը թոռների եւ հարազատների համար հարիսա էր եփում. այդպես նա հարգանքի տուրք էր մատուցում իր հորն ու Մուսա լեռան պաշտպաններին:

Արտասովոր հանցագործություն Եղվարդում. քաղաքի բնակչուհիներից մեկը պարտքի դիմաց պատանդ է վերցրել ծանոթուհու 10-ամյա դստերը: Երեխայի մայրն իրավապահներին պատմել է, որ կինը խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով դստերն իր տուն է տարել ու հայտարարել, որ աղջկան կվերադարձնի միայն պարտքը վերադարձնելու դեպքում: Ոստիկանները երեխային մորն են հանձնել: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Լեւոն Արոնյանը՝ Gibraltar Masters մրցաշարի հաղթող: Հայկական շախմատի առաջատարը եզրափակիչ թայ-բրեյքում հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Թայ-բրեյքում կայծակնային խաղի չորս պարտիաներից առաջին երեքն ավարտվել են ոչ ոքի, իսկ չորրորդում Արոնյանը սպիտակներով հաղթել է 50-րդ քայլում:

Մարզական վճռաբեկ դատարանն արդարացրել է որակազրկված ռուսաստանցի օլիմպիականներին. դատարանը բավարարել է ռուսաստանցի 28 մարզիկների բողոքարկումը եւ չեղարկել Օլիմպիական խաղերին մասնակցելուց նրանց ցմահ որակազրկումը: Միաժամանակ, վերականգնվել են 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի այդ մասնակիցների արդյունքները, նրանք հետ կստանան մեդալները: Դոփինգային սկանդալից հետո որակազրկված մարզիկները, սակայն, չեն կարողանա մասնակցել Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 28-ն էր: Մինչ այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեն հիասթափություն է հայտնել դատարանի որոշումից՝ հայտարարելով, որ այն վիճարկելու է Շվեյցարիայի Դաշնային դատարանում: Սակայն Մարզական վճռաբեկ դատարանի որոշումը սպորտում վերջնական է համարվում: Որոշման առիթով դժգոհություն է հայտնել նաեւ Հակադոփինգային համաշխարհային կազմակերպությունը:

Փետրվարի 2-ին եվրոն հատել է 600 դրամի սահմանագիծը: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 600, ռուբլունը՝ 8 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 683 դրամ:

Փետրվարի 3-7-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ