News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


10-ամյա Քրիստինեի մոտ քանոնի հանդեպ սերը դեռ 4 տարի առաջ էր սկսվել: Քանոն նվագելիս փոքրիկ վիրտոուզի ոտքերը նույնիսկ գետնին չի հասնում, բայց դա նրան չի անհանգստացնում: Ծնողները հատուկ աթոռ են պատրաստել, որը Քրիստինեն օգտագործում է նվագելիս, նաեւ շրջագայությունների է տանում իր հետ:

10-ամյա քանոնահարուհին պատմում է, որ մայրը 6 տարեկանում, իրեն վոկալի է տարել, սակայն քանոնի հանդեպ սերը հաղթել է: 1 տարի անց արդեն Քրիստինեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում քանոնի դասարանում էր սովորում:

 «Դեռ փոքրուց, երբ մանկապարտեզ էի գնում, մեր դաշնակահարը` Անահիտ Մամիկոնյանը, հասկանում էր, որ լավ ընդունակություններ ունեմ, եւ մայրիկիս առաջարկեց ինձ քանոնի տանել: Մայրիկն ինձ չլսեց եւ տարավ վոկալի: Բայց մի օր, երբ անցնում էի քանոնի դասարանի կողքով, լսեցի, թե ինչպես է երեխաներից մեկը նվագում, ներս մտա եւ հասկացա, որ ես քանոն եմ ուզում նվագել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Քրիստինե Ենգոյանը:

Աղջնակի խոսքով՝ գործիքն իրեն շատ է դուր եկել եւ հասկացել է, որ ցանկանում է քանոնահարուհի դառնալ: Հաջորդ օրն արդեն Քրիստինեն Ծովինար Հովհաննիսյանի դասարան էր հաճախում:

«Քանոնը սիրեցի ձայնի համար: Գործիքը ինձ դուր է գալիս իր նախշերով, գեղեցկությամբ, իր նուրբ ձայնով»,- հիացած պատմում է Քրիստինեն:

Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2 անգամ մասնակցել է Գյումրիի միջազգային մրցույթին, առաջին անգամ զբաղեցրել է երկրորդ մրցանակը, իսկ հաջորդ անգամ արդեն առաջին մրցանակը:

Սակայն ամենակարեւոր մրցանակը Քրիստինեի համար Սպիվակովի կողմից հանձնած մրցանակն է: Պատմում է, որ Սպիվակովն իրեն գրկել է եւ ասել, որ իրենք դեռ ամբողջ աշխարհով միասին ելույթ են ունենալու:

Նվագել է Հայաստանի կամերային նվագախմբի եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, ունեցել է 2 մենահամերգ: Հաջորդ՝ «Նռան հատիկ» խորագիրը կրող մենահամերգը տեղի կունենա փետրվարի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում:

Քրիստինեն եղել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, նվագել է նաեւ Կոնգրեսում: Քրիստինեի նպատակը մեկն է` դառնալ ճանաչված քանոնահարուհի եւ ամբողջ աշխարհում հանրահայտ դարձնել քանոն գործիքը:

Անի Բարսեղյան

Տպել
Ամենաշատ