News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Խոսող տոպրակների» նպատակն է երեխաներին կտրել համակարգիչներից եւ պլանշետներից եւ նրանց մոտ սեր առաջացնել ընթերցանության նկատմամբ: NEWS.am-ի հետ զրույցում նորամուծության հեղինակ Ռուզաննա Մալխասյանը խոստովանեց, որ երկար է մտածել գաղափարի մասին:

«Շատ հաճախ էի հրավիրված լինում երեխաների ծննդյան տոների: Ամեն անգամ, նվեր ընտրելուց հետո կանգնում էի խնդրի առաջ, թե ինչպիսի փաթեթավորում կամ տոպրակ պետք է ընտրեմ, որ նախ ինձ դուր գա, և հետո երեխայի համար հաճելի լինի, ինչպես նաև երեխայի ծնողին: Հասկացա, որ նման խնդրի հետ բախվում են գրեթե բոլորը եւ մտածեցի` ինչ կարելի է անել»,- պատմեց նա:

Ռուզաննայի խոսքով` իրեն շատ էր մտահոգում այն փաստը, թե որքան շատ են երեխաները կապված համակարգիչների և պլանշետների հետ, եւ իր մոտ ցանկություն առաջացավ հետաքրքրություն առաջացնել գրքեր կարդալու հանդեպ:  Եւ այդպես ստեղծվեցին «Խոսող տոպրակները», որոնց վրա պատկերված հեքիաթներից մի փոքր հատված, որպեսզի նվեր տալուց երեխաները կամ մեծերը նվիրեն կարդալով՝ այսինքն խոսելով:

«Եւ մտածեցի, որ կարդալը  ավելի հետաքրքիր կլինի, եթե կապված լինի դրական զգացողությունների և պահերի հետ՝ նվերներ տալ և ստանալ: Այսպես ստեղծվեցին «Խոսող տոպրակները»՝ լուծելու համար մի քանի խնդիր: Երեխաները նվիրելու են նվերներ՝ կարդալով ամեն հեքիաթից մի փոքր հատված, երեխաները նվիրելու են նվերներ՝ հեքիաթների ուղեկցությամբ, ինչը համակցված է գեղեցիկ և չկրկնվող դիզայնով»,- պատմեց Ռուզաննան:

«Խոսող տոպրակների» գաղափարը, ըստ Ռուզաննայի,  շատ է հետքրքրել եʼւ երեխաներին, եʼւ մեծերին. դրա մասին են վկայում տոպրակների մեծ պահանջարկը շուկայում .  «Բազմաթիվ անգամ ինքս եմ տեսել, թե ինչպես են երեխաները տոպրակը վերցնում և սկսում կարդալ գրված հեքիաթի հատվածը»:

Ռուզաննա Մալխասյանը հավելեց, որ «Խոսող տոպրակների» կարգախոսն է՝ «Նվիրում ենք կարդալով» եւ հույս ունի, որ գաղափարը կնպաստի երեխաների շրջանում ընթերցասիրության բարձրացմանը:

Նշենք, որ գաղափարը նորույթ է Հայաստանում, գրանցված է և պաշտպանված ՀՀ մտավոր սեփականության մասին օրենքով:

«Խոսող տոպրակները» վաճառվում են Երեւանի եւ մարզերի մի շարք խանութներում եւ սուպերմարկետներում:

Տպել
Ամենաշատ