News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների մեջ տեղադրված գազի բալոնների փորձարկման կայանները որոշ կասկածներ են հարուցում: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը: Անվստահության պատճառն են դարձել փորձարկման իրականացման տեմպերը: Այսինքն, ամեն ինչ ֆորմալ բնույթ է կրում: Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ գազալցակայանները եւս չեն վերահսկվում:

Խոսելով գազի բալոնների հետ կապված միջադեպերի պատճառների մասին՝ Կարեն Չիլինգարյանը եւ հանդիպման եւս մեկ մասնակից՝ «Էքսպերտ քեթչ» գազի բալոնների փորձարկման, տեղադրման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը համաձայնեցին, որ գազալցակայաններում անհրաժեշտ է ճնշման սահմանափակիչներ տեղադրել, որոնց տակ լիցքավորվում է գազի բալոնը:

Միեւնույն ժամանակ խոսվեց նաեւ տաքսիների եւ երթուղային տաքսիների կեղծ լիցենզիաների խնդրի մասին: Բանն այն է, որ լիցենզիան տրամադրվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվության նախարարության կողմից՝ փաստաթղթերի հիման վրա, այդ թվում նաեւ՝ բալոնի՝ փորձարկում անցնելու մասին վկայականի: Տեմպերը, որով դիմողները ներկայացնում են պահանջվող վկայականը, ըստ Տիգրանյանի, հուշում են, որ նրանք չեն հասցրել փորձարկում անցնել: Վերջինիս խոսքով՝ դա պետք է պարզ լինի նաեւ գերատեսչության աշխատակիցների համար:

Ըստ Տիգրանյանի, բալոնների փորձարկման եւ վերահսկողության պահանջների կատարման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են: Նախագիծն այժմ քննվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, իսկ այնտեղից դեռ արձագանք չկա: «Տրամաբանությունը անհասկանալի է. ծխելու եւ հեռախոսով խոսելու համար տուգանում են, իսկ պոտենցիալ վտանգավոր չստուգված բալոնի համար՝ ոչ»,- ասաց փորձագետը:

Նշենք, որ գազի բալոնների փորձարկման համար մի քանի ժամ է պահանջվում, իսկ գործընթացը 10-15 հազար դրամ արժե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ