Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Ներման մասին» նոր օրինագիծը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու նախագիծ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ պետաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Օրինագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ նշելով, որ եթե Հայաստանում դատապարտյալների ներման հետ կապված հարաբերությունները մինչեւ հիմա կարգավորվում էին ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ հիմա դրանք պետք է կարգավորվեն առանձին օրենքով:
Ըստ այդմ, կարգավորվել է, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավասություն ունի միայն միայն դատապարտյալը: «Նաեւ ներման միջնորդություն ներկայացնելու ինստիտուտ է ամրագրվել օրենքում: Ցանկացած միջնորդություն կարող է քննարկվել, եթե կա դատապարտյալի խնդրագիրը: Այսինքն նախ պետք է դատապարտյալը ներում հայցի, որից հետո միայն կարող են այլ անձինք միջնորդել: Դատապարտյալը պետք է նաեւ հիմնավորի, թե ինչու իրեն պետք է ներում շնորհեն»,-ասաց Քրմոյանը:
Նա նշեց, որ օրենքով սահմանվել է, որ պարտադիր ներման միջնորդություն ներկայացնող անձ պետք է լինի. «Այս դեպքում՝ այդ գործառույթը վերապահվել է վարչապետին: Այդ նպատակով վարչապետին կից ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որը խորհրդատվական բնույթի եզրակացություն է տալու վարչապետին, վերջինս էլ ՀՀ նախագահին առաջարկություն է ներկայացնելու»:
«Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ հարց հնչեցրեց. «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ նախագահին ներման միջնորդություն ներկայացնող անձը վարչապետն է: Սահմանադրության 135-րդ հոդվածը հստակ նշում է, որ ՀՀ նախագահը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Սա նախագահից ներում շնորհելու իրավունքը վերցնելու նախագիծ է: Ես կարծում եմ, որ, որ նախագահը ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը եւ ինքն էլ ներում շնորհի նրան եւ ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին եւ առաջարկին էլ կից ներկայացնի որոշման նախագիծ»:
Արդարադատության փոխնախարարը վկայակոչեց Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ ամրագրված է ներման մեխանիզմը, ըստ որի ՀՀ նախագահը կարող է եռօրյա ժամկետում իրավական ակտը իր առաջարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Այս դեպքում՝ ընտրվել է, որ առաջարկություն ներկայացնող մարմինը վարչապետն է: Որ ուզենք էլ, չենք կարող այլ կարգավորում ամրագրել: Ներման դեպքում պետք է որեւէ սուբյեկտ ներկայացնի առաջարկություն»:
Մարուքյանն առարկեց, որ Սահմանադրության այդ հոդվածից չի բխում, որ առաջարկություն ներկայացնողը պետք է վարչապետը լինի, կարող է Հանրային խորհրդի նախագահն առաջարկել. «Մյուս կողմից Սահմանադրության մեջ գրված է, որ դատապարտյալներին ներում շնորհելու հարցը լուծում է նախագահը: Մինչդեռ հիմա դուրս է գալիս, որ նախագահի ներում շնորհելու իրավունքը ավտոմատացված է»:
Նա նաեւ հարցրեց. «Ասենք վարչապետն առաջարկել է X մարդուն ներում շնորհել, նախագահն էլ դրան համաձայն չէ, դրա ի՞նչն է վիճարկելու նախագահը ՍԴ-ում: Նախագահը ներման առաջարկությունից հետո երկու տարբերակ ունի, կամ ստորագրում է վարչապետի առաջարկը, կամ պետք է դիմի ՍԴ»:
Քրմոյանն ի պատասխան նշեց, որ ՍԴ դիմելու հիմքերը եւ ընթացակարգն այս օրենքով չի կարգավորվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներման բացառիկ իրավունքն այլեւս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ: