News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում պետք է պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ այդ օրենքը եւս լրամշակվել է եւ ներկայացվելու է խորհրդարանին:

Նրա խոսքով, պետք է հստակություն մտցնել, թե ինչ է նշանակում հոգեորսություն. «Հոգեորսության եզրույթի եւ արգելքի վերացումը լավագույնս չի բնորոշում հոգեւոր անվտանգության առումով մեր առջեւ առկա հրամայականը:

Երկրորդ, օրենքով պետք է ամրագրել եւ կտրականապես արգելել տոտալիտար աղանդների եւ դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը: Սա նույնպես եվրոպական փորձի վրա խարսխված գործընթաց կարող է լինել, որտեղ պարտավոր ենք այն լուծումը, որը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում թույլ կտա պաշտպանել նաեւ այլոց իրավունքները եւ հասարակության անդորրը:

Երրորդ՝ բազում են եղել դեպքերը, երբ ծնողների՝ այս կամ այն կրոնական հոսանքին հարելու պատճառով հարցականի տակ են դրվել երեխայի առողջության կամ կրթության իրավունքները: Նման դեպքեր եղել են նաեւ երբ ես էի ԿԳ նախարարը: Նման դեպքերում երեխայի շահերը պետք է դառնան ԱԺ մտահոգության առարկան»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ պետք է լավագույնս ամրագրել, թե այս կամ այն կրոնական կազմակերպությունը, որն իրեն վերագրում է քրիստոնեական կամ այլ դավանանքի ընտանիքի մաս լինելու հանգամանքը,  որքանով է համապատասխանում այդ հանգամանքին:

«Օրենքը պետք է խարսխված լինի երեք հանգամանքի վրա՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր հոգեւոր, մշակութային կյանքում, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար երաշխավորված իրավունքներ, եւ մարդու իրավունքների վրա խարսխված այլ իրավունքներ, որոնք այս կարեւոր իրավունքը չեն դարձնի տարաբնույթ չարաշահումների առարկա»,-իր խոսքն ամփոփեց Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ