News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպման սկզբում Նախագահը ջերմությամբ է հիշել անցած տարի ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Մալթա կատարած իր այցը եւ վերահաստատել Հայաստանի ցանկությունը՝ խորացնելու հարաբերությունները Մալթայի Հանրապետության հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններում անցած 25 տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել համագործակցության մեծ ներուժը՝ նկատի առնելով նաեւ այդ հարաբերությունների համար ամուր հիմք հանդիսացող երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչությունները, որոնք հասնում են մինչեւ 14-րդ դար: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Դոդեյը, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանը Մալթայում իրենց ակտիվ գործունեությամբ կկարողանան լրացնել այդ բացը:

Դեսպան Նատաշա Մելի Դոդեյը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում զարգացնելու համար:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են բարձրաստիճան փոխայցերը, որոնք զգալիորեն նպաստում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը եւ հարաբերությունների ակտիվացմանը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ որոշակի պարբերականությամբ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, լուրջ խթան կհանդիսանա տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար:

Հանրապետության Նախագահը եւ Մալթայի դեսպանը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ-ում արդեն գործում է Հայաստան-Մալթա բարեկամության խումբ, եւ հույս է հայտնել, որ Մալթայում եւս առաջիկայում կստեղծվի պատգամավորական նոր խումբ:

Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի կարեւորվել է Եվրամիության շրջանակներում Հայաստանի եւ ԵՄ անդամ Մալթայի միջեւ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ