News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել ու հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են եւ դեռեւս պայքարելու են: Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողության ժամանակ: Ի դեպ՝ նախագահը միջոցառմանը մասնակցել է ֆուտբոլասեր թոռան՝ փոքրիկ Սերժի հետ:

Ընդունված արարողակարգի համաձայն, որի համաձայն՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները եւ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, Սերժ Սարգսյանը ոսկե գավաթն ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղեւորվում միջազգային շրջագայության, որը կտեւի 220 օր եւ կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում, այդ թվում՝ Հայաստանում, գավաթը ներկայացվելու է առաջին անգամ:

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Սերժ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:

Իսկ հանդիսության ընթացքում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը:

Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից եւ կրթությունից: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ: Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ եւ անխախտելի կանոններ: Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը, երեւի, ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաեւ շատ նուրբ կատարողականը:

Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում: Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում: Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով: Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին: Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»: Կարծում եմ՝ հաջողված խաղ էր: Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է: Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, և նա դեռևս շատ անելիքներ ունի: Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, և մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում են որպես օրինակ, ինչը շատ կարևոր հանգամանք է:

Ես վստահ եմ, որ բոլոր երիտասարդները, երեխաները, դիտելով ֆուտբոլ, մտքներում ասում են՝ որքան լավ է առողջ ապրելակերպով կյանք վարելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարի հեղինակներին եւ, իհարկե, իրականացնողներին: Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաեւ դուք: Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարեւոր խաղերը եւ գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջեւ:

Շատ շնորհակալ եմ ձեզ: Մենք, իրոք, երախտապարտ ենք: Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ, պարո՛ն Կարամբյո, Հայաստանում եւ, իհարկե, հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են եւ դեռեւս պայքարելու են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ