Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 8-ին 61 կողմ, դեմ 38, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանն ասաց, որ այս օրինագծով ոչ միայն սահմանափակվում է փոքր համայնքների մասնակցությունը համայնքային կյանքին, քանի որ խոշորացման արդյունքում նրանք արդեն դուրս էին մնացել, հիմա էլ սրանով մենք կանանց եւ ընդդիմախոս ձայներն ենք լռեցնելու միջհամայնքային միավորումների միջոցով: Թանդիլյանն ասաց, որ «Ելք»-ը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու օրինագծին. «Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի, քանի որ միակողմանի ռեֆորմ անելը խախտելու է հավասարակշռությունը: Մենք կունենանք Սյունիքի մարզում 4 խոշորացված համայնք, հետո այդ 4 համայքնները կմիավորվեն, կունենանք մեկ մարզպետարան եւ մեկ միջհամայնքային միավորում: Այդպիսով կլինի Հայաստանում 10 մարզպետարան եւ 14 միջհամայնքային միավորում»:
Նախօրեին «Ծառուկյան» եւ «ելք» խմբակցության պատգամավորները մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:
Նշենք, որ ըստ օրինագծի միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:
Ըստ այդմ, միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:
Միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:




























