Երեւանի ընդհանուր իրավասության Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր փետրվարի 8-ին, կրկին հետաձգվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը՝ փաստաբանների չներկայանալու պատճառով:
«Սասնա ծռերի» գործով պաշտպանները դատարանին նույնիսկ տեղյակ չէին պահել, որ չեն ներկայանալու դատական նիստին: Դատական նիստը հետռաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 15-ին:
Նշենք, որ երեկվանից փաստաբանները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ՀՀ Ազգային ժողովից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները եւ քննարկումներ կազմակերպել այդ հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: