News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ներման մասին» օրենքի նախագծում պետք է ներկայացված լինեն այն դեպքերը, որոնց դեպքում դատապարտյալին ներում է շնորհվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Սահմանադրության իմաստով դեպքերը պետք է հենց այս օրենքով սահմանվեն, բայց սահմանված չեն, իսկ Սահմանադրությունն ասում է, որ այս դեպքերում կարող են ներում շնորհել, եւ հայեցողությունը պետք է նվազած լինի»,-ասաց նա:

Թովմասյանը չհամաձայնեց, թե այս օրենքով նախագահի լիազորությունները կաշկանդվում են. «Չի բացառվում իրավիճակ, որ վարչապետը կներկայացնի ակտ ներում չշնորհելու վերաբերյալ, բայց վերջին հաշվով դատապարտյալին ներում կշնորհվի: Այս վեճերը ՍԴ-ում ընկնելու են լիազորությունների հարցով վեճերի տակ եւ ընթացակարգերը սահմանված են: ՍԴ-ն քննելու է հայեցողության չարաշահումը, դեպքերը եւ անգամ ընդունված օրենքի սահմանադրականության հարցը»:

Նա առաջարկեց, որ օրենքով նաեւ սահմանվի, թե ներման խնդրագիր ներկայացնելուց հետո որքան ժամանակ հետո դատապարտյալը կստանա իր պատասխանը: «Կարելի է նաեւ ներառել, որ մեկ անգամ ներված անձին երկրորդ անգամ չի կարելի ներել, որպեսզի հայոցողականությունը նվազի»,-ասաց Թովմասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ներման մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ ներման առաջարկությունը ՀՀ նախագահին ներկայացնելու է վարչապետը: Վարչապետի կողմից ներում շնորհելու կամ մերժելու առաջարկությունն ստանալուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից առաջարկության նախագիծը ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միեւնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով:

Այսինքն ստացվում է, որ ՀՀ նախագահը չի կարող ինքնուրույն ներում շնորհել որեւէ մեկին, եթե չկա վարչպետի համապատասխան առաջարկությունը: Ավելին, եթե ՀՀ նախագահը համաձայն չէ ներկայացված առաջարկին, ապա այն, միեւնույն է, կարող է ընդունվել, եթե վարչապետը նորից նույն առաջարկությամբ հանդես գա: Նախագահը կարող է պարզապես առարկություններով վերադարձնել առաջարկը վարչապետին, կարող է  նաեւ դիմել ՍԴ:

Մտավախություն ունե՞ր հանրային կարծիքից, թող չներեր. գաղտնի ներելու իմաստը ո՞րն է. Մարուքյան

Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան

Դատապարտյալին ներում շնորհելու առաջարկը վարչապետն է ներկայացնելու նախագահին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ