News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական գործունեության մեջ իր մեծ փորձով եւ ակտիվ գործունեությամբ նա կնպաստի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության օրակարգի ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի ու Լեհաստանի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական եւ ջերմ:

Ընդգծելով, որ անցած տարի երկու երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, Նախագահը երախտագիտություն է հայտնել լեհ ժողովրդին՝ հայ ժողովրդի մի հատվածի հանդեպ մինչ այժմ ցուցաբերվող բարեկամական եւ ջերմ վերաբերմունքի համար:

Լեհաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար եւ պաշտոնավարման շրջանում իր առաջնահերթ խնդիրը համարել մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի խորացման, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Չեպլակը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններից բացի, քննարկել են բազմակողմ ձեւաչափով՝ միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում հայ-լեհական համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարեւորել են միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը եւ Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news