News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շփման գծում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում մեկ տարի առաջ մահացած ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով մեղադրողը ամբաստանյալի համար 8 տարի է պահանջել: NEWS.am-ի հետ զրույցում Հրանտ Գրիգորյանի հայրը՝ Գարուշ Գրիգորյանը նշեց, որ մեղադրողի՝ 8 տարվա ազատազրկման պահանջը շատ մեղմ է եւ իր որդուն ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվող Վ. Բալայանի համար ամենախիստ պատիժն է պահանջելու:

«Արդեն հասկանալի է, թե ինչու է ընդամենը 8 տարվա ազատազրկում պահանջել մեղադրողը, ընդամենը 8 տարվա ազատազրկում իմ որդու մահվան համար, բայց ես դատավճռից հետո  բողոքարկելու եմ, իմ որդու մահվան մեջ մեղադրվողը պետք է ամենախիստ պատիժը կրի»,-ասաց նա:

Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի գործով կալանավորված, նրան ծեծելու, վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվում է դասակի հրամանատար Վ. Բալայանը: Հրանտի հայրը՝  Գարուշ Գրիգորյանը, պնդում է, որ նախկինում այլ զինվորների էլ է նա  ծեծել:

Ըստ ՔԿ տվյալների՝ դասակի հրամանատարը դեպքի նախորդող օրը՝ 2016թ. հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ:

Նշենք, որ  Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Նա կալանավորված է:

1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմանում, հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել:

Հրանտ Գրիգորյանն արմատներով Արարատի մարզի Մրգավան գյուղից էր, սակայն, ընտանիքով բնակվում էր Արտաշատում: Նրա հայրը Ռուսաստանում  արտագնա աշխատանքի էր, ընտանիքն այնքան էլ լավ պայմաններում չի ապրում: Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, ունի իրենից փոքր քույր:

Տպել
Ամենաշատ