News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն 97 կողմ, 1 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է հրավառությունների ոլորտի կարգավորմանը:

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոլորտը կարգավորելու կարիք ունի, ու թեեւ վերապահումներ ունեն օրենքի նախագծի վերաբերյալ, բայց կողմ են քվեարկելու:

Նույն խմբակցությունից Արտակ Զեյնալյանը նշեց, որ ճիշտ կլինի առանց թույլտվության հրավառություն կազմակերպողին 1-2 մլն դրամի տուգանքը սահմանի ոչ թե վարչական մարմինը, այլ վարչական դատարանը, որովհետեւ նման տուգանքը տրամաբանորեն քրեական պատիժ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսուհետ Հայաստանի տարածքում հրավառությունների իրականացման գործընթացը կարգավորվելու է. համապատասխան օրինագծերի փաթեթն ԱԺ-ում նախօրեին ներկայացրել էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նրա խոսքով, առաջարկվում է, որ հրավառություն իրականացնող իրավաբանական անձինք դիմեն տեղական ինքնակառավարման մարմին, վճարեն թույլտվության տուրք՝ 50.000-300.000 դրամի սահմաններում եւ ստանա հրավառություն անելու թույլտվություն:

Սահմանված կարգը խախտողների համար նախատեսվում է տուգանք. Առաջին անգամ 1 մլն դրամի չափով, երկրորդ անգամ՝ 2 մլն դրամի չափով:

Կամո Արեյանը նշեց, որ թույլտվությունը տրվելու է տարեկան կտրվածքով, որից հետո հրավառություն կազմակերպողը կարող է այն իրականացնել այնքան, որքան ցանկանում է:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այսուհետ հրավառության իրավունք կարող են ունենալ բացառապես իրավաբանական անձինք, ֆիզիկական անձինք նման իրավունք չեն ունենալու: Կառավարությունը կսահմանի չափորոշիչներ, թե որոնք են կենցաղային հրավառությունները, եւ որոնք հատուկ նշանակության, որից հետո հստակ կլինի վերահսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ