News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:

Կրթության եւ գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաեւ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգեւներ է հանձնել, շնորհել նաեւ վաստակավոր մանկավարժի կոչում:

Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաեւ բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ եւ բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է այն կարեւոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ եւս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգեւատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգեւներով: Իհարկե, պարգեւները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաեւ ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարեւոր է, եւ այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարեւորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Հանրապետության նախագահը:

Նախագահը այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաեւ համալսարանի ներկայիս գործունեությունը:

Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի, կրթության եւ գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին եւ ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական եւ այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ եւ շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին եւ միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել