News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am գործակալությանը։

Նախօրեին Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է կայացել։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն դրա ավարտից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ԶՈՒ զինծառայող է զոհվել։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը շփման գծում։

Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այդպիսին էր իրավիճակը 2017 թվականին, նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Իսկապես, նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Վերջին շրջանում հակառակորդն ավելի շատ հրաձգային զենք է օգտագործում, բայց նախկինում եղել են ականանետերի եւ հրետանու օգտագործման դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, որ հրադադարի խախտումներ են եղել։ Հակառակորդի պահվածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման հայտարարություններն արվում են բացառապես ուշադրություն շեղելու համար։ Ասում են՝ պատրաստ են պահպանել ռեժիմը, իսկ իրականում հակառակն են անում։ Վերջին միջադեպը դրա եւս մեկ վկայությունն է։

Երկար տարիներ խոսվում է Կասպրշիկի թիմի ընդլայնման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Եթե երկրորդ հարցում առկա է Ադրբեջանի ակնհայտ հակազդեցությունը, առաջինի դեպքում, թերեւս, որոշակի տեղաշարժեր կան։ Ձեր կարծիքով, գործնականում Կասպրշիկի թիմի ընդլայնումը գործուն արդյունքներ կտա՞։

Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա. ավելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման եւ վերահսկման ավելի մեծ հնարավորություններ։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսեւորման։ Իսկապես այնտեղ ուզո՞ւմ են։ Եթե ուզենան, պետք է կամք դրսեւորեն եւ համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը։ Մեր կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, լարվածության նվազման կամք միշտ է դրսեւորվել։ Ադրբեջանական կողմից էլ իրականացվում են տեսադիտարկման համակարգի ներդրման աշխատանքներ։ Ոչ այնպիսի ծավալներով, որքան մեզ մոտ, բայց դա էլ բավարար է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարավորությունները եւ ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկությունները։ Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամություն ենք հայտնել  աջակցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։ Որպես Արցախի պաշտպանության նախարար եւ Պաշտպանության բանակի հրամանատար, ես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ ասել եմ այդ մասին, եւ մնում եմ իմ կարծիքին։ Պարոն դեսպանը համաձայն է, որ մեխանիզմներն անհրաժեշտ է ներդնել։ Թե որքանով հնարավոր կլինի հասնել երկու հարցերի կատարմանը, ցույց կտա ժամանակը։

Հայկական կողմը բազմիցս կարծիք է հայտնել տեղական հրամանատարների միջեւ ուղիղ շփումների օգտակարության մասին՝ միջադեպի դեպքում իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

Մենք պատրաստ ենք դրան։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ։ Հաճախ են դեպքերը, երբ ԵԱՀԿ դիտարկումների ընթացքում ադրբեջանական կողմը խմբին դուրս չի բերել վաղօրոք նախանշված վայր՝ վկայակոչելով այս կամ այն հորինված պատճառը։ Դա վկայում են նաեւ դիտորդները։ Եղել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր հենց դիտարկումների ժամանակ, նույնիսկ մեր կողմից զինծառայողի վիրավորման ցավալի փաստ։ Այսինքն, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները կրում են մշտական բնույթ, եւ դիտարկման ընթացքում տրվող երաշխիքները եւս զսպող գործոններ չեն։

Ադրբեջանական կողմից պարբերաբար հայտարարություններ են հնչում այս կամ այն հզոր սպառազինության ձեռքբերման մասին։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։

Մի առիթով ասել եմ. իսկապես Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում սպառազինություններ գնելու վրա։ Հնարավոր է՝ այդ գումարները դուրս են գրվում՝ հանգրվանելով պաշտոնյաների գրպաններում։ Սակայն գործնականում իրողությունն այլ է, քան դա փորձում է ներկայացնել Բաքուն։ Այսպես, բոլորովին վերջերս հյուսիսային ուղղությամբ մենք հնարավորություն ունեցանք դիտելու այդ «ժամանանակից սպառազինության» ցուցանմուշ եւ ցույց տվեցին ԶԼՄ-ներով։ Սովորական սիրողական անօդաչու, եւ դա առաջին դեպքը չէր։ Ադրբեջանը սպառազինություն է գնում ոչ այն քանակությամբ, որ փորձում է ներկայացնել։

Ի՞նչ հետեւություններ են արվել 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո։

Բնականաբար, յուրաքանչյուր միջադեպից հետո մանրամասն վերլուծություն է կատարվում։ Այդպես արվել է նաեւ 2016-ի ապրիլից հետո։ Ուսումնասիրվել ու վերլուծվել են բոլոր գործողություններն ու իրադարձությունները, արվել են համապատասխան եզրակացություններ, դրանց արդյունքում անցկացվել ու շարունակում է անցկացվել հսկայական աշխատանք։ Շեշտը դրվել է առաջնագծի արքավորումներով հագեցման, մարտական հերթապահության պայմանների բարելավման, առաջնագծում զինծառայողների անվտանգության բարձրացման, մարտական եւ թիկունքային ապահովության, կառավարման արդյունավետության բարձրացման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման վրա։ Այսինքն աշխատանք է տարվել բոլոր ուղղություններով, եւ այդ աշխատանքը շարունակվում է։ Կարելի է ասել, որ անհնար է համեմատել այն ինչ կար ու այն ինչ հիմա կա։ Բայց մենք բավարարված չենք ձեռք բերածով, չենք կարծում, որ դա բավարար է, եւ աշխատանքը շարունակվում է։

Հասարակությանը մտահոգում է Ադրբեջանի կողմից ռուսական սպառազինության գնումը։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ։

Բոլոր հնարավոր ուղիներն օգտագործելով սպառազինություն ձեռք բերելու Բաքվի ձգտումը բնական է։ Հասկանալի է նաեւ, որ Ռուսաստանից չգնված սպառազինությունը Ադրբեջանը կարող է փոխարինել այլ երկրներից մատակարարումներով, ասենք՝ Թուրքիայից։ Առաջին դեպքում որոշակի վերահսկողություն կա սպառազինության տեսակների ու քանակի նկատմամբ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կան ազդեցության լծակներ։ Մենք մեր կողմից գնում ենք մեզ անհրաժեշտ սպառազինությունը։ Ինչ վերաբերում է հավասարակշռությունը խախտելու մասին հայտարարություններին, ապա եկենք հիշենք, որ հավասարակշռությունը խախտվել էր 1992 թվականից առաջ ու հետո, բայց հարցն այն է, թե արդյոք դա ադրբեջանական կողմին առավելություն տվե՞ց եւ ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ 1992 թվականին մենք հրաշալի կատարեցինք մեր խնդիրը, եւ հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է հենց զենքի ուժի շնորհիվ։ Վստահ եմ, որ այսուհետ եւս Զինված ուժերը, չնայած Բաքվի զանազան գնումներին, պատվով կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները։

Պայքարի տարրերից մեկը քարոզչությունն է։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը այդ նպատակներով հսկայական միջոցներ է ծախսում։ Ի՞նչ տեղ է հատկացնում քարոզչությանը ղարաբաղյան կողմը։

Քարոզչությունն, իսկապես, մեծ նշանակություն ունի, բայց անհրաժեշտ էհիշել, որ գոյություն ունի երկու ուղղություն՝ իրական քարոզչություն եւ ապատեղեկատվություն։ Դրանք տարբեր բաներ են։ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ապատեղեկատվություն տարածելու համար, եւ բոլորը հասկանում են դա։ Կան գործիչներ, այդ թվում օտարերկրացի, որոնք փորձում են աջակցել Բաքվին այդ գործում։ Բայց ես այդ մարդկանց նույնիսկ չէի անվանի Ադրբեջանի կողմնակիցներ կամ բարեկամներ։ Այդ մարդկանց համար նման պահվածքը բիզնես է, որը նրանց շտ կոնկրետ նյութական օգուտ է բերում։ Մեր կողմից քարոզչություն վարվում է, եւ այն հիմնված է փաստերի ու պատմության վրա, ընդ որում օգտագործվում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան պատմական աղբյուրներ։ Հայկական կողմը աշխատանքը վարում է համոզիչ եւ ապացուցողական բազայով։ Այնպես որ քարոզչության մեթոդները համեմատելի չեն։

Վերջերս Ադրբեջանի նախագահը հերթական ագրեսիվ հայտարարությունն է արել՝ խոստանալով «վերադառնալ Երեւան»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

Հիշում եք, նրանք ժամանակին ուզում էին թեյ խմել Շուշիում եւ իրենց դրոշը բարձրացնել Ստեփանակերտում։ Ապրիլից առաջ (2016 թվականի-խմբ) նրանք բարձրագոչ հայտարարություններ էին անում, նկարահանումներ էին անում, բայց այն վայրերը, որտեղ նրանք իրականացնում էին իրենց, այսպես կոչված, քարոզչական նկարահանումները, ավելի մոտ էին Բաքվին, քան Երեւանին։ Ոտնձգությունների դեպքում այդ վայրերն ավելի հեռու կլինեն։ Նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանում շուտով ընտրություններ են եւ եթե Ալիեւի իշխանության համար ամեն բան լավ է ու հանգիստ, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ փոխել ընտրությունների ամսաթիվը։

Ցավոք, դեռեւս բանակում միջադեպեր են գրանցվում, որոնք կապված չեն հակառակորդի գործողությունների հետ։ Ինչի՞ մասին է խոսում իրավիճակի վերլուծությունը։

Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015 թվականից նկատվում է մահվան ելքով միջադեպերի թվի նվազում։ Միջադեպերի թվի որոշակի աճ է գրանցվել՝ կապված ոչ կանոնադրական հարաբերությունների հետ։ Իհարկե, ցանկացած թիվ անհանգստություն է պատճառում, սակայն օբյեկտիվ իրականությունն այնպիսին է, որ վերջին տարիներին մահվան ելքով միջադեպերի թիվը կրճատվում է։ Ինչ վերաբերում է ոչ կանոնադրական հարաբերություններին, ապա այս ուղղությամբ բացատրական աշխատանք է տարվում։

Արցախը բազմաթիվ փառապանծ զինվորականների հայրենիքն է։ Ինչպիսի՞ն է վիճակը կադրերի պատրաստման ոլորտում։

Սպաների հիմնական դարբնոցը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն է, ինչպես նաեւ մեր սպաները պատրաստություն են անցնում որոշ արտասահմանյան ռազմական բուհերում։ Ընթացքում է «Պատիվ ունեմ» ծրագիրը եւ արդեն կան շատերը, որոնք ուզում են մասնակցել այդ ծրագրին եւ բուհն ավարտելուց հետո նրանք որպես սպա ծառայության կանցնեն Արցախի զինված ուժերում։ Այսինքն, կադրերով համալրման աղբյուրը ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական բուհերն են։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ