News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչ Արտիկ Աղաջանյանը բողոքում է՝ գյուղի հողատարածքների սխալ քարտեզագրման արդյունքում զրկվել է հավելյալ եկամուտ ստանալու հնարավորությունից:

«Իմ սեփական խոտհարքում «ՎիվաՍելլ»-ը վիշկա է դրել, էդ գումարը պետք է ես ստանամ, բայց ստանում է գյուղապետը, գյուղապետարանը: Ես էլ իմ խոտհարքը պահանջում եմ, էդ գումարը ես ստանամ, խի՞ գյուղապետարանն ստանա»,- ասում է բնակիչը:

Արտիկի խոսքով նշված հողատարածքն իրեն հատկացվել է 1991թվականին, «ՎիվաՍելլ»-ն իր աշտարակը տեղադրել է 2008 թվականին:

«Էսա տաս տարի է, դրած է, էդ գումարը իրանք ստանում են: Ես էլ էդ տարածքի հարկը տալիս եմ: Ես հարկը տալիս եմ, գումարն իրենք են ստանում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Աղաջանյանը:

Վերջինիս խոսքով՝ մասնավոր քարտեզագրողների է հրավիրել, ովքեր քարտեզագրել են տարածքն ու պարզել, որ դա իր հողատարածքն է: Բնակիչը քարտեզագրման սխալն ուղղելու հարցով դիմել է համայնքապետին: Խնդիրը, սակայն, համայնքում լուծում չի ստացել:

Օրերս բնակիչն այդ հարցով դիմել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս նշել է, որ քարտեզագրման սխալներ կան մարզի մի շարք համայքներում: Մարզպետը խոստացել է հարցը եւս մեկ անգամ քննարկել համայնքապետի հետ: Միեւնույն ժամանակ Ա. Նալբանդյանը բնակչին խորհուրդ է տվել դիմել դատական ատյանների օգնությանը:

Մեզ հետ զրույցի ժամանակ Եղեգնուտի համայնքապետ Միշա Հովհաննիսյանը չբացառեց, որ հնարավոր է սխալ չափագրումների արդյունքում Ա. Աղաջանյանի հողատարածքն, իրոք, սխալ ներկայացված լինի քարտեզում:

«Դա էնքան բարդ խնդիր է: Մենք աշտարակը դնելու ժամանակ հիմքը կադաստրով ավելացված քարտեզն է, որտեղ այդ հատվածը համայնքային սեփականության հողամաս է: Այդ տարածքը իր եղբոր տարածքին է  մոտ եղել: Անցել է 8 տարի: Բա 8 տարի էդ տղան որտե՞ղ էր, ինչո՞ւ չէր տեր կանգնում իր տարածքին, իր հողամասին»,- նշում է համայնքապետը:

Համայնքապետը խնդրի լուծման միակ ճանապարհը համարում է  դատական ատյաններին կամ  կադաստրին դիմելը, նորից չափագրելու ու ըստ այդմ առկա քարտեզում փոփոխություներ կատարելու համար. «Ամեն գյուղում էլ սխալ չափագրման դեպքեր կան, բայց ինքը պետք է հիմնավորի, որ դա իրոք, իրենն է»:

Տպել
Ամենաշատ