News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ շարժական լուսանկարահանող–արագաչափերի կիրառումը ընդամենը  բյուջեն լցնելու նպատակ է հետապնդում։  NEWS.am–ի հետ  զրույցում փաստաբանը մանրամասնեց, թե երթեւեկության անվտանգությունը ապահովելու համար ինչ մեթոդներ է հարկավոր մշակել, որպեսզի շուրջ 35 տոկոս աղքատություն ունեցող երկրում փոքր–ինչ շեղում թույլ տված վարորդները չհայտնվեն խիստ տուգանքների թիրախում։

Նշենք, որ փետրվարի 8–ից ոստիկանությունը գործի է  դրել շարժական արագաչափերը ծանր հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով։ Մոտ մեկ ամիս առաջ ոստիկանության կոլեգիայի նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց ենթականերին դադարեցնել ներողամտությունը, օրենքը կիրառել ողջ խստությամբ։  Նա պահանջեց նաեւ, որ իրեն տրամադրեն ծանր հետեւանքներով  ավտովթարների պատճառները։ Ահա մեկ ամիս անց ոստիկանությունը գործի դրեց շարժական  լուսանկարահանող–արագաչափերը։ Հանրության շրջանում ոստիկանության այս  քայլը բացասաբար ընդունվեց, այն ընկալվում է որպես քաղաքացիների գրպանի հաշվին բյուջեն լցնելու հերթական մեթոդ։

«Խնդիրն այն է, որ գործի է դրվում զրո հանդուրժողականության սկզբունքը, այսինքն՝ ներում չկա որեւէ հարցում, փոքր սխալը թույլ տված վարորդը պատժվում է։ Հատուկ հետազոտություն չեմ արել, թե այդ սկզբունքը որեւէ ազդեցություն ունի, թե ոչ, բայց այլ պետություններում՝ Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, վարել եմ մեքենա, էդ սկզբունքը չկար։ Մեզ մոտ քաղաքականության խնդիր է, այսինքն՝ պետությունը թույլ չի տալիս  անգամ փոքր շեղում եւ խիստ կանոններ է հաստատում, սակայն արդյոք տեխնիկական տեսակետից դրանք հնարավոր է պահպանել։ Զարգացած պետությունում կա մի մոտեցում, որ դու պետք է երթեւեկես հոսքերին համապատասխան։ Եթե երթեւեկության հոսքերը շատ ավելի բարձր է, բայց դու երթեւեկում ես 70 արագությամբ, պետք է 70 երթեւեկեն նաեւ մյուսները։ Միացյալ նահանգներում սա հաստատ ամրագրված սկզբունք է։ Հայաստանի երթեւեկության հիմքում դրված է ԽՍՀՄ–ի կանոնները, որոնք համահունչ չեն մեզ մոտ, այդ պատճառով էլ առաջացել են այս խնդիրները»,–մեկնաբանեց  Նիկոլայ Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ խիստ պատժամիջոցով եւ հանդուրժողականության իսպառ բացակայությամբ ծանր հետեւանքով պատահարները չեն կանխվում։ Մասնագիտական մոտեցում է պետք, որն այս դեպքում չի ցուցաբերվել։ 

«Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե  զրո տոլերանդության սկզբունքը մտցնում ենք, որ անվտանգության խնդիրը լուծենք, քավ լիցի, չկա նման բան։ Սա բացարձակապես  անվտանգության հետ կապ չունի, դա բյուջեն լցնելու խնդիր է։ Օրենքի տրամաբանությունը պետք է փոխեն, պատասխանատվություն պետք է ենթադրեն այն խախտումները, որոնք պարունակում են վթարային իրավիճակ ստեղծելու վտանգ։ Սա մասնագետները պիտի որոշեն։ Մարդիկ կիլոմետրերով հեռու են խնդրից, բայց որոշում են նման բաներ ու սկսում հիմնավորել՝ անվտանգության տեսանկյունից է արվում։ Սա ոչ նախարարի, ոչ էլ փոխնախարարի լուծելու խնդիր է։ Գիտելիք ունեցող մասնագետների խնդիրն է, որոնք հավաքվեն եւ որոշեն՝ որն է երթեւեկության  անվտանգության խնդիր առաջացնող կանոնի խախտումը,  հետեւաբար այդ խախտումը պիտի ենթադրի այս պատասխանատվությունը»։ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով մասնագիտացված փաստաբանը ընդգծեց, որ ծանր հետեւանքներով վթարները հիմնականում անզգուշության հետեւանք են եւ դրանց դեմն առնելու համար հարկավոր է մասնագիտական հետազոտություն։ Իսկ պատժամիջոցների խստացման որոշումը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական որոշում է, որը միտված է բյուջեի մուտքերի ապահովմանը։

«Լինում են դեպքեր, որ դիտավորյալ են խախտում, բայց մասնագետները եթե քննարկեն, կհասկանան, որ  դիտավորյալ կատարած խախտումների հետեւանքով առաջացած դեպքերը ավելի նվազ տոկոս են կազմում, քան անզգուշության պարագայում։ Սա քաղաքական որոշման խնդիր է, ես չեմ հավատում, որ ճամապարհային ոստիկանությունը նման որոշում է ընդունել։ Տասնյակ կառույցներ են աշխատում  գաղափարներ տալու համար, թե ինչպես լցնել բյուջեն։ Իսկ ոստիկանության պնդումները, թե անվտանգությունը ապահովելու նպատակով է, թող հիմնավորեն հետազոտության արդյունքներով»,–ամփոփեց մեր զրուցակիցը։

Տպել
Ամենաշատ