News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է հատուկ ուշադրություն դարձնել եւ մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նախարարությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ մասսայական սպորտի տարածման նպատակով կատարվել է մեծ աշխատանք, այդ թվում՝ իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ: Հանրության շրջանում առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երեւանում եւ տարբեր մարզերում 6-8 մարզաձեւերով ամեն շաբաթ կազմակերպվել են անվճար մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների մասնակցությամբ:

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր: Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձեւերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար, Իջեւանում կառուցվել է նոր լողավազան, Սիսիանում՝ նոր մարզադահլիճ, որտեղ տարբեր մարզաձեւերով մարզվում են 200-ից ավելի երեխաներ: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուտով ավարտին կմոտենան Insport անվանմամբ մարզա-առողջարանային համալիրի կառուցման շինաշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 2,4 մլն դոլար: Նախատեսվում է, որ այն իր դռները կբացի հունիսին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է առողջ ապրելակերպի տարածումը եւ ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր: «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի, քանի որ մենք ցանկանում ենք ունենալ առողջ քաղաքացի», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ ֆիզիկական կուլտուրա առարկայի միջոցով դպրոցներում երեխաների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն ու տարածումը:

Զեկուցվել է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, Կրթության եւ գիտության նախարարությունների հետ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունն ուղղված է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական ծրագրի արդիականացմանը եւ այն դպրոցներում պարտադիր ներդնելուն: Պատասխանատուները վարչապետին վստահեցրել են, որ արդեն 2019 թվականից հանրապետության դպրոցներում այն լիարժեք կներդրվի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է գնահատել նաեւ, թե որքան միջոցներ են անհրաժեշտ դպրոցները մարզական գույքով ապահովելու համար՝ տարեցտարի այդ խնդրին լուծում տալու նպատակով: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցները մասնավորի կառավարմանը հանձնելու հնարավորությունը՝ առողջ ապրելակերպը խթանելու, կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով:

Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Իջեւանում եւ Հրազդանում նման ծրագիր իրականացրել են, ինչի արդյունքում վերակառուցվում են տեղի լողավազանները: 

Վարչապետին զեկուցվել է նաեւ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման մասին: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ուղղությամբ կոնկրետ միջոցառումների իրականցումը Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ: 

Մեծապես կարեւորվել է սոցիալապես անապահով եւ առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել եւ մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», - ասել է Կարեն Կարապետյանը:

Զեկուցվել է, որ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթ, որին մասնակցել են երեխաների խնամքի եւ պաշտպանության 12 հաստատությունների 300 մասնակիցներ: Մրցույթն անցկացվել է 5 մրցաձեւերով: Անդրադարձ է կատարվել նաեւ Բակային մարզական միջոցառումների միջոցով Երեւանում եւ ՀՀ մարզերում մասսայական սպորտի զարգացման խթանմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մարզային, համայնքային ղեկավարները պետք է դառնան ձեր քաղաքականության կրողներն ու տարածողները: Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը՝ մասնավորի ներգրավմամբ: Սպորտային տուրիզմ, էկո տուրիզմ, էքստրեմալ տուրիզմ. մենք պետք է ունենանք հրապուրիչ առաջարկներ Հայաստանից՝ ներկայացնելով մեր բոլոր առավելությունները, քարոզչություն իրականացնելով նաեւ մեր հասարակության շրջանում: Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարեւոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ, պետք է այս խնդրին պարտադիր հետեւենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ