News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում փետրվարի 11-ին օդանավ է կործանվել: Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: Օդանավում 71 մարդ է եղել՝ 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ. բոլորը զոհվել են: Զոհերի թվում երկու հայ կա. մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն է, մյուսը՝ ուղեւորներից Վարսիկ Սեւոյանը: Ղամբարյանը Մոսկվայի բնակիչ էր, 12 տարվա աշխատանքային փորձ ուներ: Վարսիկ Սեւոյանը Հայաստանի քաղաքացի էր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից, սակայն ավելի քան 20 տարի ամուսնու հետ Ռուսաստանում էր բնակվում:

Ան-148-ի բեկորները հայտնաբերել են մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում: Օդանավի կործանման պատճառ կարող էին դառնալ տեխնիկական անսարքությունը, օդաչուի սխալը կամ եղանակային վատ պայմանները: Միաժամանակ, քննիչները պարզել են, որ Ան-148-ը կործանման պահին օդում չի եղել, պայթյունը որոտացել է ընկնելուց հետո: Օդանավի ինքնագրիչ սարքերը գտել են:

Իշխող ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներն ավարտել է: ՀԱԿ-ի հետ հանդիպմանը, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել: Արմեն Սարգսյանն ասել է, որ արդեն պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին՝ հայտնելու, ընդունո՞ւմ է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՝ ոչ: Խորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն եւ «Ելք» խմբակցությունները հստակ ասել են՝ ինչպես են քվեարկելու. առաջինը կարտահայտվի կոալիցիոն գործընկերոջ օգտին, իսկ «Ելք»-ը դեմ կքվեարկի: Հենց առաջին փուլում ընտրվելու համար վճռորոշ կլինի «Ծառուկյան» խմբակցության դիրոքորոշումը: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ցանկանում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնությամբ՝ առաջին փուլով. դրա համար անհրաժեշտ է 79 պատգամավորի քվե, իսկ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին 65 ձայն ունեն: «Ծառուկյան» խմբակցությունը դեռ հստակ չի հայտարարել՝ ինչպես է քվեարկելու, սակայն կուսակցության կուլիսներում մինչ հանդիպումն էլ արդեն տեղեկություն կար, որ միաձայն կողմ են քվեարկելու: Նշենք, որ Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահին կընտրի մարտի 2-ին:

Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի հարցում, կարծես, ամեն ինչ արդեն հստակ է. այդ պաշտոնը, ամենայն հավանականությամբ, զբաղեցնելու է Արմեն Սարգսյանը: Իսկ ահա վարչապետի թեկնածուի մասին իշխող ՀՀԿ-ն դեռ ոչինչ հստակ չի ասում: Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում առաջադրելու մասին այսօր արդեն խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսել է Հանրապետական խմբակցության ղեկավարը: Վահրամ Բաղդասարյանը հաստատել է. կուսակցությունը նման ցանկություն ունի:

«Ելք»-ն էլ կարծում է, որ նախագահի լիազորությունների էական սահմանափակմամբ Հայաստանում վարչապետի ձեռքում իշխանության անտեղի կենտրոնացում կլինի: Դրանում Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի եւ նրա ապագայի համար:

Կիեւը Միխայիլ Սահակաշվիլիին Լեհաստան է արտաքսել: Վրաստանի նախկին նախագահը, հիշեցնենք, ամիսներ առաջ այս երկրից էր ապօրինի ճանապարհով Ուկրաինա հասել: Ուկրաինայի սահմանապահ ծառայության պետի տեղեկացմամբ՝ իրավապահները Սահակաշվիլիին տեղեկացրել են, որ նրան նախկին բնակության երկիր են վերադարձնելու, սակայն, աղբյուրի համաձայն, նրա շրջապատից անհայտ անձինք հարձակվել են իրավապահների վրա, վերջիններն էլ ստիպված են եղել պաշտպանվել եւ ուժ են կիրառել: Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին Կիեւից փախստականի կարգավիճակ ստանալու հայց էր ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Սահակաշվիլին ընտրության հնարավորություն ուներ: Յուրի Լուցենկոյի խոսքով՝ նա կարող էր կա՛մ Հոլանդիա մեկնել՝ միանալու ընտանիքին, կա՛մ Լեհաստան արտաքսվել, կա՛մ էլ արտահանձնվել Վրաստանին, որտեղ կհայտնվի ճաղերի հետեւում. հայրենիքում նախկին նախագահի դեմ քրեական գործեր են հարուցված: Հավելենք, որ իրավապահները վրացի քաղաքական գործչին ձերբակալել էին այսօր, Կիեւի «Սուլուգունի» ռեստորանում:

Մեկ տարի տեւած պայքարից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նորից Պոլսո հայոց փոխպատրիարք նշանակվեց: Թեեւ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը պատրիարքական տեղապահ էր ընտրվել, եւ ստամբուլահայերը պատրաստվում էին պատրիարքի ընտրություններին, Արամ արքեպիսկոպոսը, փաստորեն, թուրքական իշխանությունների հետ կապերն օգտագործելով՝ հասավ իր համար ցանկալի արդյունքին: Ստամբուլի նահանգապետարանը նամակով հայտնել է, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքի տեղապահ չի ճանաչում, նրա որոշումներն անօրինական են, իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, որ պետությունը փոխպատրիարք է ճանաչում միայն Աթեշյանին: Բացի այդ՝ թուրքական իշխանությունը հայտարարել է, որ ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ պատրիարքը ողջ է: Այս ամենի արդյունքում պատրիարքարանի կրոնական խորհուրդը որոշել է փոխպատրիարքի պաշտոնում վերանշանակել մեկ տարի առաջ հրաժարական ներկայացրած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Դոլարն ու եվրոն սկսել են արժեզրկվել: Փետրվարի 12-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 667 դրամ:

Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ