News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատի ղեկավարությունն այսօր՝ փետրվարի 12-ին փակ քննարկում է արել եւ որոշում կայացրել հետաձգել այս շաբաթվա ընթացքում իրենց իսկ ծրագրած բողոքի գործողությունները։

ՓՊ-ի նախաձեռնող խումբը փետրվարի 7-ին «խրոխտ» մի հայտարարություն էր տարածել, դատապարտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու դրույթները եւ նշել, թե գործադուլը շարունակելու են նաեւ թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաեւ 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին եւ 16-ին։ Փետրվարի 8-ի գործադուլը կայացել էր, իսկ այսօր տարօրինակ մի հիմնավորմամբ նախաձեռնող խումբը որոշում է կայացրել դադարեցնել գործադուլը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության՝ քննարկումներով խնդիրը լուծելու առաջարկը, նկատի ունենալով այն, որ բողոքի ակցիաները հիմնականում ուղղված էին ՀՀ Ազգային ժողովին, որն իր որոշումն արդեն ընդունել է,

Նախաձեռնող խումբը՝

1. Հայտարարում է, որ շարունակելու է ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական օրենքի խախտմամբ ընդունված Նախագծի փաթեթի վիճարկման հետ կապված գործողությունները, այդ թվում՝ ներկայացվելու է դիմում ՀՀ Նախագահին՝ ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացվելու է դիմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նշված օրենքների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվելու է մինչեւ օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:

2. 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին եւ 16-ին հայտարարված բողոքի ակցիաները հետաձգում է:

3. Որպես խնդրի զուգահեռ լուծման միջոց ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկելու է դատական տուգանքը փաստաբանների նկատմամբ կիրառելու հնարավորությունը նախատեսող նորմերում՝ փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության երաշխիքները (այդ թվում՝ գործը քննող դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու անթույլատրելիությունը) սահմանելու հարցը»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, որն ի սկզբանե թերահավատ էր գործադուլի անցկացման վերաբերյալ, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով գործադուլի դադարեցման փաստը, նշեց. «Ակցիայի առաջին իսկ օրվանից հայտարարել եմ, որ արհեստական բան կա այս պայքարում։ Նշել եմ ու համոզված եմ, որ Արա Զոհրաբյանը անկարող է պայքարել, քանի որ սեփական հիվանդագին ամբիցիաների պատճառով ինքն իրեն, ապա նաեւ իր ղեկավարած կառույցը բերել է մի վիճակի, որի պարագայում ինքը կարող է կատարել միայն թելադրված, թույլատրելի գործողություններ։ Իսկ արհեստական պայքարը, բնական է, որ երբեք արդյունք չի կարող տալ»։

«Միաժամանակ, սակայն, անգամ ինձ համար էր անակնկալ, որ կչեղարկվի անգամ նախապես հայտարարված եռօրյա գործադուլը։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այս ամենը պարզապես ապացուցեց իմ խոսքերի ճշմարտացիությունը, թեեւ կուզեի սխալվել, քանի որ ստիպված անդամակցելով փաստաբանների պալատին, հիմա պարզապես ամաչում եմ դրա համար։ Սա փաստաբանների պալատի կատարյալ ֆիասկոն էր, նման կառույցն անընդունակ է փրկել փաստաբանությունը կործանումից»,- նշել է Վարոսյանը։

Լուսանկարում՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի մեքենան ՀՀԿ գրասենյակի առջեւ

Տպել
Ամենաշատ