Ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Սաակաշվիլին օգնություն է հայցում Եվրամիությունից եւ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելից: «Կիեւի սրճարանում ինձ վրա դիմակավոր մարդիկ հարձակվեցին և առեւանգեցին, սպառնում էին ինձ եւ անձնական ինքնաթիռով տարան Լեհաստան: Այդ ակցիայի հետեւում Ուկրաինայի կոռումպացված նախագահ Պյոտր Պորոշենկոն է կանգնած», - ասել է Սաակաշվիլին Bild ամսագրին տված հարցազրույցում: Եթե Եվրամիությունը եւ, մասնավորապես, Անգելա Մերկելը ոչինչ չձեռնարկեն, ապա Ուկրաինան կկործանվի, հայտարարել է քաղաքագետը:
«Պորոշենկոն քանդում է այս երկիրը եւ ուզում է ազատվել ինձանից, քանի որ բացահայտում եմ կոռուպցիան»,- ավելացրեկ է Սաակաշվիլին: Նա հայտարարել էր, որ կվերադառնա Ուկրաինա օրինական ճանապարհով: «Մենք հաղթելու ենք այս ճակատամարտը», - վստահեցրել է քաղաքագետը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է փետրվարի 12-ին Կիեւում, ապա՝ ինքնաթիռով տեղափոխվել Վարշավա: Քաղաքական գործչի մուտքը Լեհաստանի տարածք թույլատրվել էր Ուկրաինայի Ազգային միգրացիոն ծառայության ներկայացրած ռեադմիսիայի մասին հայտարարության համաձայն: