News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսանողներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ  ավանդական դարձած «Լավագույն ուսանող» մրցույթը տարին ամփոփելու յուրօրինակ տարբերակ է. «Կրթության համար միակ չափման միավորը չի կարող գիտելիքը լինել: Լավագույն մասնագետին կամ ուսանողին մասնագիտական  կարողություններից բացի բնորոշում են նաեւ արժեքային հատկանիշները: Այս իմաստով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն իսկապես մրցունակ է եւ մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, թե որքան բարձր է Հայաստանի ուսանողության արժեքային նշաձողը: Ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ մեր համալսարաններում կամավորական մեծ շարժում սկսվեց:

Երբ միջազգային հարթակներում առիթ ունեցա ներկայացնելու, թե որքան կամավոր երիտասարդներ են այդ օրերին մեկնել առաջին գիծ երկիրը պահելու, իմ արտասահմանցի գործընկերները զարմացած էին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մեր հասարակության մեջ ձեւավորվում է սեփական ուժերին վստահ, Հայաստանի անկախությանը նվիրված, հայրենասեր եւ անհրաժեշտ գիտելիքներ ունեցող սերունդ»,- նշել է Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ «Լավագույն ուսանող» մրցույթի կարեւոր նախապայմաններից մեկը նաեւ հասարակական գործունեությունն է:

Նախարարը շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ հորդորել է ուսանողներին ողջ կյանքի ընթացքում բացի մասնագիտական կարողությունների զարգացումից պահել ազգային առաքելության գիտակցումը: Լեւոն Մկրտչյանը նշել է նաեւ, որ բարձրագույն կրթության համակարգն այժմ գտնվում է փոփոխությունների կարեւոր փուլում: «Ողջ աշխարհում այսօր բարձրագույն կրթության  վերաիմաստավորում է տեղի ունենում, եւ մենք իրավունք չունենք եւ չենք կարող այս գործընթացից անմասն մնալ: Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերլուծել մեր բացթողումները, շտկել սխալներն ու  ընթանալ առաջ: Մենք ուզում ենք ստեղծել միասնական կրթական տարածք, որտեղ ուսանողը կարող է ազատ տեղաշարժվել՝ ստանալու իրեն անհրաժեշտ գիտելիքները: Մեր քաղաքականությունը ուսանողակենտրոն է, եւ մեր բոլոր բուհերը կոչված են բավարարելու ուսանողի կարիքները: Մենք պարտավոր ենք բացել համակարգը, ապահովել դասախոսների եւ ուսանողների փորձի փոխանակում եւ լայն շարժունություն»,- նշել է ԿԳ նախարարը:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արդեն հինգ տարի է անցկացվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպվում է  երկու փուլով՝ ներբուհական եւ հանրապետական (միջբուհական)՝ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետեւյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն,  ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

2017 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 41 ուսանող`  ըստ կրթական աստիճանների եւ ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգեւատրվում են հավաստագրերով եւ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 եւ 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ