News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջեւ դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների եւ հոգեւոր կառույցների հետ, նպաստել հայկական  ներուժի  հայտնաբերմանն ու համախմբմանը՝ Հայաստանի  եւ Արցախի տնտեսական զարգացման նպատակով եւ մշակել հայրենադարձությունը  խթանող  ծրագրեր: Այս նպատակով աշխատանք է իրականացվել 138 երկրում գործող համայնքների հետ, եւ հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվել 43 համահայկական կազմակերպության հետ: Աշխարհի 21 երկրում ձեւավորվել են առեւտրային ցանցեր, եւ սփյուռքահայ համայնքներում մասնագիտական բիզնես կառույցների ստեղծումը շարունակվում է: Հայրենադարձության մասով մշակվել է ռազմավարություն, ծրագիր, գործողությունների ծրագիր եւ օրենքի նախագիծ:

Սփյուռքի նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրով նախատեսված 6 գերակա խնդրի ուղղությամբ իրականացվել է 26 ծրագիր, որոնց մասնակիցների թիվը հասնում է 7000-ի։ 2017 թ. շարունակվել են աշխատանքները Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման հարցերի լուծման ուղղությամբ։ Գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ, արագ արձագանքման խումբ եւ թեժ գիծ։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ կազմակերպվել է 5 գործարանների բացում, օժանդակություն է ցուցաբերվել բիզնես ծրագրերի մշակմանը։

Հայապահպանության եւ սփյուռքի երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017 թ. «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին մասնակցել է 266 սփյուռքահայ 30 երկրից, 2016 թ. համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 100-ով։ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իրականացվել է 9 փուլով, մասնակցել է 1055 սփյուռքահայ երիտասարդ՝ 36 երկրից։ ԱՄՆ-ի հայկական կրթօջախներում Երեւանից ուղարկված մասնագետի ուժերով կազմակերպվել է 27 կրթօջախի 50 ուսուցչի վերապատրաստման դասընթաց։ 37 երկրի ավելի քան 200 Սփյուռքի հայկական կրթօջախի առաքվել են 87 000 կտոր դասագիրք եւ ուսումնաօժանդակ նյութեր։ Նախարարության աջակցությամբ Սփյուռքում ստեղծվել է 16 նոր մեկօրյա դպրոց։ Իրականացվել են նաեւ տարածաշրջանային կրթամշակութային ծրագրեր: Նախարարի խոսքով՝ 2018 թ. գերակա խնդիրներից է սփյուռքում մշակութային կյանքի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Նախարար Հակոբյանը զեկուցել է, որ ՀՀ ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրման նպատակով՝ 2017 թ. ստեղծվել են աշխատանքային խումբ եւ «Մեկ պատուհան» կառուցակարգը, նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Ներդրումներ Հայաստանում» բաժին, որում ներկայացված են իրավական հարցեր, ներդրումային ծրագրեր եւ այլ տեղեկատվական նյութեր: Կայքում տեղադրվել է 180 ներդրումային ծրագիր եւ սփյուռքի գործարարներին ու հայկական առեւտրաարդյունաբերական պալատներին են ուղարկվել բիզնես ծրագրեր եւ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարթակների մասին։ 290 գործարար ներդրում է կատարել Հայաստանում, մոտ 700-ի հետ նախարարությունը շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ: Բիզնես ծրագրերի տարածման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ տեղեկատվությունը փոխանցվում է տեսաժողովների եւ առցանց քննարկումների միջոցով: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ սփյուռքահայ գործարարները գոհ են մաքսային համակարգի աշխատանքից, իսկ խնդիրների շարքում նշում են շինարարական նորմատիվների կարգավորումը, դատական համակարգի բարեփոխումը, այլ լեզուներով ՀՀ օրենսդրության թարգմանությունը եւ այլն:  Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում այս ոլորտներում եւ համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայապահպանության, սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացման սփյուռքա¬հայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդման ուղղություններով տարվող շարունակական աշխատանքից եւ հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք համագործակցության տնտեսական օրակարգի ձեւավորման խնդրին՝ կարեւորելով ներդրումների ներգրավմանը, հայրենադարձության խթանմանը եւ մասնագիտական ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերը: «Ի դեմս Սփյուռքի նախարարության՝ մենք ունենք լավ հնարավորություն մեր տնտեսական ծրագրերում ներգրավելու մեր հայրենակիցներին, քարոզելու այն ձեռքբերումները, որն այսօր ունենք: Մենք ասում ենք, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, լավ պլատֆորմ է Եվրասիական տնտեսական միություն, Եվրոպական միություն, իրանական շուկա մտնելու համար: Այս առումով պետք է հստակ ձեւակերպված լինի պետական յուրաքանչյուր օղակի եւ սփյուռքի նախարարության միջեւ շփման կանոնակարգը: Երկրորդը հայրենադարձության խնդիրն է. սփյուռքահայության ռեպատրիացիայի  առումով սիրիահայերի փորձն ունենք, հիմա պետք է ձեւակերպենք՝ ինչպես ենք ներգրավելու: Երրորդը մասնագիտական ներուժի համախմբումն է՝ նպատակ ունենալով սփյուռքի միջոցով ավելացնել արտաքին աշխարհի հետ շփման հնարավորությունները՝ ժամանակակից քաղաքացի ունենալու համար: 2018 թվականին այս խնդիրների մասով ակնկալում եմ ձեզնից որոշակի պրագմատիկ ռեցեպտներ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձեւակերպել եւ ներկայացնել Հայաստան-Սփյուռք համագործակցության ինստիտուցիոնալ զարգացման վերաբերյալ առաջարկությունները: Վարչապետը կարեւորել է նաեւ սփյուռքահայության ներուժի օգտագործումը Հայաստանը՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու եւ քարոզելու գործում, եւ հանձնարարել համատեղ աշխատել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ