News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ եւ ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս:

Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք պետք է հանձնվեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ` հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հոսում են այդ տարածքում բնակվողների շենքերի տակ: Եվ դա փաստ է:

Եկեք մտավոր փորձարկում կատարենք եւ ենթադրենք, որ գարշահոտ շշերը կհայտնվեին Տարոն Մարգարյանի սեղանին: Ի՞նչ էր դրան հետեւելու: Ինձ թվում է` ոչ մի բան: Բայց դա «Ծիրանիի» հաշվարկների մեջ ակնհայտորեն չէր մտնում, որովհետեւ սկանդալն այսպիսով կավարտվեր: Բայց աղջիկները գիտեն, թե ում հետ գործ ունեն, գիտեն, թե ովքեր են նրանց ընդդիմախոսները: Իսկ այդ ընդդիմախոսներն առաջնորդվում են ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ «քուչի տղերքի» տրամաբանությամբ՝ «ո՞նց թե, արա, դու մեր շեֆին բա՞ն ես ասում»:

Եվ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում «շեֆի» ներկայությամբ, ապա պարզ է, որ քաղաքապետից ոտից գլուխ կախման մեջ գտնվող այդ «տղերքը» ցույց կտային իրենց ամբողջական «հմայքը»: Բացի բռունցքներից` խոսելու, բացատրվելու, իրենց ճշմարտությունն ապացուցելու այլ ձեւ ավագանու ՀՀԿ-ական այս անդամները չգիտեն եւ չեն էլ իմանա:

Այսինքն՝ այս, բոլոր իմաստներով գարշահոտ պատմության մեջ «Ծիրանիի» հաշվարկը ՀՀԿ-ականների ինտելեկտի, դաստիարակության մակարդակի, կյանքի մասին պատկերացումների վրա էր, եւ այդ հաշվարկը միանգամայն ճիշտ էր:

Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունների՝ կոմունիստական, ՀՀՇ-ական, թե ՀՀԿ-ական, շարժիչ ուժը հանդիսացող մարդիկ այդքան բթամիտ են ու սահմանափակ: Թվում էր, թե 88-ի հեղափոխությունն իրականացրած առաջնորդների համար նման մարդիկ պետք է որ խորապես խորթ լինեին, բայց 3-4 տարում նրանք իրենց շրջապատեցին «կոմբիկերներով» ու «կարամելներով», որոնք ունեին դեմքի ճիշտ նույն արտահայտությունը, որը մենք այսօր տեսնում ենք ՀՀԿ «գործարար-չինովնիկական» անդամների մոտ:

Դե, իսկ մարդը, որը հետեւից անզուսպ կրքով քաշում էր աղջկա մազերից, հաստատ կարիք ունի հոգեվերլուծաբանի հետ շփվելու: Ամենացավալին, սակայն, մեկ այլ բան է: Կողմերը խաղացին այդ «շոու»-ում իրենց՝ միանգամայն կանխատեսելի դերերը: Այդ ամբողջ աղմուկը, սակայն, որեւէ ձեւով չի նպաստում նրան, որ մարդիկ Նուբարաշենում այլեւս չապրեն գարշահոտության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news