News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում 2015-ից սկսած զգալիորեն պարզեցվել է կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ի տարբերություն նախկինում սահմանված միասնական ընթացակարգի եւ քսանօրյա  ժամկետի` կրճատվել են համապատասխան փաստաթղթեր հատկացնելու ժամկետները՝ 5-15 օր՝ ըստ կառույցի բարդության աստիճանի:

Բացի այդ, այժմ արդեն կառուցապատողի փոխարեն Երեւանի քաղաքապետարանն է տալիս կենսապահովման բնագավառի կառույցների կողմից պահանջվող տեխնիկական եզրակացությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միասին, իսկ հայտերը եւ դիմումները քաղաքապետարան կարելի է ուղղել  նաեւ էլեկտրոնային տարբերակով եւ նույն կերպ ստանալ համապատասխան տեղեկություններ:

Հաջորդ լուրջ բարեփոխումն այն է, որ ոլորտում կատարված փոփոխությունների մասին հանրային լայնածավալ իրազեկում ապահովելու նպատակով հրատարակվել եւ արդեն քաղաքապետարանի ու վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներին է բաժանվել կառուցապատման թույլտվությունների եւ  քաղաքաշինական փաստաթղթերի ուղեցույցների փաթեթը, որին կարելի է ծանոթանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հետեւյալ հղումով

Վերոնշյալ փաթեթում, բացի հիմնական դրույթներից, առկա են ընդհանուր տեղեկություններ ժամկետների, կառույցների դասակարգման եւ անհրաժեշտ այլ գործառույթների վերաբերյալ: Նորամուծություն է սմարթֆոն հեռախոս ունենալու պարագայում տվյալ շինության մասին «Քյու Ար» (QR) կոդերը բացելու միջոցով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հնարավորությունը: Ընդհանուր հասկացություններ են զետեղված նաեւ «Անհրաժեշտ է իմանալ» գլխում: Ընդ որում, հանրամատչելի ձեւով բացատրված են ինչպես դիմումի կամ հայտի մերժման դեպքերը եւ ըստ այդմ հետագա անելիքները, այնպես էլ դիմումներին եւ հայտերին դրական ընթացք տալու դեպքում տրամադրվող փաստաթղթերի վավերականության ժամկետը եւ օրինակների քանակը, ինչպես նաեւ համապատասխան իրավական ակտերը:

Հիշեցնենք, որ քաղաքաշինական գործառույթների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Երեւանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» եւ «Դուինգ բիզնես» բաժիններում: Հարկ է նշել, որ կառուցապատման թույլտվությունների եւ  քաղաքաշինական փաստաթղթերի ուղեցույցների փաթեթը տրամադրվել է նաեւ պետական եւ մասնավոր մի շարք կառույցներին, նախագծող, շինարարական կազմակերպություններին եւ ոլորտի այլ ընկերություններին:

Տպել
Ամենաշատ