News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում քննարկվեց ՊՈԱԿ-ներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ ստացված շահույթն օգտագործելու կարգը հստակեցնելու խնդիրը:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց իրենց նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ նրանց գործունեությունից ստացված շահույթը օգտագործվում է իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար, սակայն, միեւնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրվում է միայն օրենքով սահմանված լինելու ու հիմնադրամի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում», -ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սոցապ նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ հնարավորություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սակայն, քանի որ հիմնադրամի կողմից այդ ուղղությունները սահմանված չեն, չեն կարողանում իրականացնել:

«Այս փոփոխություններով մենք ուղղակի սահմանում ենք այդ ուղղությունները եւ նրանց հնարավորություն ենք տալիս, որպեսզի կարողանան գործունեություն ծավալել: Սրանով նաեւ սահմանվում է ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգն՝ իր ուղղություններով»,-ընդգծեց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Եթե ՊՈԱԿ-ները էդ հնարավորությունն ունեին, ինչո՞ւ ենք իրենց սահմանափակել, երկրորդ՝ կանխատեսում ունե՞ք ինչքան ենք շահույթ ունենալու»:

Ի պատասխան Արայիկ Պետրոսյանն ասաց. «Եղած պայմաններն ու հնարավորությունները լավատեսորեն են տրամադրում, որովհետեւ կան իսկապես անհրաժեշտ պայմաններ»:

Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ «ինչքա՞ն լավատեսորեն», ինչին ստացավ պատասխան. «Ժամանակը ցույց կտա»:

 «Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու: Հասկանալով, թե իրենք ինչ գործառույթներ կարող են անել եւ այդ շուկայի հնարավորությունները հաշվի առնելով, ես առաջարկում եմ՝ իրենց առջեւ դնեք խնդիր, պլան»,-հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ