News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը խստորեն դատապարտում է փետրվարի 13-ին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնությունը:

Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ «Երկիր Ծիրանիի» այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ