Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության» ճակատը դատապարտում է Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած բռնությունը:
Ճակատի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Երեւան քաղաքի փետրվարի 13-ի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները Տարոն Մարգարյանի հրահանգով եւ քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ հարձակվեցին քաղաքական ակցիայի միջոցով քաղաքապետարանի անգործությունն ի ցույց դնելու փորձ անող «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների վրա եւ սեռական ոտնձգության, ֆիզիկական բռնության ու նվաստացման ենթարկեցին Մարինա Խաչատրյանին:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը դատապարտում է համակարգի քաղաքային սպասավորների հերթական բռնությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւ իր զորակցությունը հայտնելով «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ միաժամանակ նշում, որ բացառապես միասնական պայքարով է հնարավոր հասնել համակարգի, հետեւաբար նաեւ իրավիճակի փոփոխության մեր երկրում՝ վերջ դնելով գործող վարչախմբի սանձարձակություններին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: