Ինչպե՞ս եք ապացուցելու, թե ինչ պայմաններում են «Սասնա ծռերի» 11 անդամները ստացել հրազենային վիրավորում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր նորքի նստավայրում այսօր՝ փետրվարի 15-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին դահլիճում գտնվող միակ ամբաստանյալ Արմեն Լամբարյանը այս հարցն ուղղեց մեղադրողին եւ մնաց անպատասխան:
«Մեզանից 11 հոգի թեթեւ, միջին եւ ծանր հրազենային վիրավորում են ստացել, դրանցից մեկի համար գոնե տեսագրությունը կա՞, թե ինչպես է վիրավորվել: Դուք անունը դրել եք վնասազերծում, կարո՞ղ եք ապացուցել, թե ինչպես եք վնասազերծել մեզ, ինչ գործողություններ եք կատարել»,- վրդովված հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց,որ ժամանակը կգա եւ այդ մասին էլ մեղադրողը կխոսի:
Նշենք, որ «Սասնա ծռեր»-ից միայն Արմեն Լամբարյանն է դահլիճում, մնացած 10 անդամի նկատմամբ դատավորը սանկցիա է կիրառել՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: