News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն եւ նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ մշտապես ուրախ են նրանց հյուրընկալելու Հայաստանում, որտեղ սիրում եւ ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն եւ նրա արվեստը:

«Հարգելի՛ պարոն Պենդերեցկի, մաեստրո՛,

Ես վստահ եմ, որ Դուք համոզված եք՝ այստեղ սիրում են Ձեզ եւ Ձեր արվեստը: Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված՝ Ձեր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է հենց Երեւանից: Կարծում եմ, որ մեծ արվեստագետի կոչումներից մեկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջեւ բարեկամությունը, եւ Դուք դա շատ լավ եք անում»,-ասել է Նախագահ Սարգսյանը եւ հույս հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ եւս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունը՝ հնարավորություն տալով հայ հանդիսատեսին մեծ բավականություն ստանալ մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի ստեղծագործություններից:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցյալ տարի Հայաստանը եւ Լեհաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաեւ Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ առավել սերտացնելով հայ-լեհական միջպետական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով Նախագահին ընդունելության եւ ջերմ խոսքերի համար՝ Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում:

«Ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկել է Հայաստանից: Առաջին անգամ չէ, որ նման հրաշալի փառատոններ են անցկացվում Երեւանում: Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք եւ երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»,-ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին եւ շնորհակալություն հայտնել փառատոնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաեւ Հայաստանում պետական մակարդակով մշակույթին ցուցաբերվող նման վերաբերմունքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ