ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր՝ փետրվարի 15-ին, հանդիպել է MediaLab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հետ, որը վերջերս՝ հունվար ամսին իր հրապարակումներից մեկից հետո լուրջ սպառնալիքներ է ստացել Facebook սոցիալական ցանցում: Այս մասին տեղեկացնում է ԵՄ հայաստանյան պատվիրակության գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
Դեսպանը մտահոգություն է հայտնել այդ սպառնալիքների կապակցությամբ եւ ընդգծել մամուլի ազատության ու բազմազանության կարեւորությունը:
Դեսպանը նշել է, որ նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրում առկա են կոնկրետ հղումներ, որոնք վերաբերում են հիմնարար ազատություններին եւ ուղղակիորեն լրատվության միջոցների ազատությանը: Սվիտալսկին շեշտել է, որ անընդունելի է համարում լրագրողների ահաբեկումը եւ նրանց նկատմամբ ճնշումները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին «Medialab.am»-ի խմբագրի մեքենայի ապակիները եւ գողացել էին երկրի ղեկավարներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: