News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անհնար է Երեւանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպը դիտարկել կանանց նկատմամբ բռնության համատեքստից դուրս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը:

«Ընտանեկան բռնության մասին չէր խոսքն այս անգամ, բայց կնատյացության հստակ դրսեւորում էր: «Երկիր Ծիրանին» կուսակցություն է, որտեղ ներգրավված են կանայք, մենք ունենք հստակ պատմություն, պարբերաբար, հստակ հաճախականությամբ վիրավորանքների, նվաստացումների, թիրախավորումների են ենթարկվում հենց կին լինելու պատճառով: Սա մեկ անգամվա երեւույթ չէ, պարզապես համատեքստից դուրս հանել տեղի ունեցածը եւ դիտարկել որպես քաշքշուք, ինչպես այն որակվեց լրատվամիջոցների մեծ մասում, շատ խնդրային է»,-պարզաբանել է Անահիտ Սիմոնյանը:

Ըստ նրա՝ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ շատ նորմավորված եւ բավականին հեշտ է դարձել կնոջը խտրականացնելն ու բռնության ենթարկելը՝ առանց որեւէ հետեւանքի:

«Տեսանյութը նայել եմ մեկ օրվա մեջ առնվազն 6 անգամ: Չնկատել, թե ինչ հստակ նպատակով կնոջն այնտեղից դուրս շպրտելու նպատակով է բռնություն գործադրվում, անհնար է: Լինել քաղաքապետ եւ ասել՝ «սրանց դեմն առեք», շատ լուրջ քաղաքական քայլ է: Ինչ վերաբերում է այն միջոցին կամ գործիքակազմին, որ Մարինա Խաչատրյանը կամ «Երկիր Ծիրանին» ընտրեցին, ինձ համար շատ հստակ է, որ եթե քաղաքի բնակիչները ստիպված են գործ ունենալ կոյուղաջրերի հետ, ուրեմն քաղաքապետարանը եւ կառավարության ներկայացուցիչները եւս պետք է դա ինչ-որ կերպ տեսնեն եւ հարաբերվեն: Այս առումով շատ ճիշտ եմ համարում այն ամենը, ինչ արվել է»,-ասաց Անահիտ Սիմոնյանը՝ հավելելով. «Միջադեպի ժամանակ եղել է հստակ թիրախավորում: Բռնությունը տեղի էր ունենում մազեր քաշելով, կնոջ մարմնին հպվելով, եւ հենց դրան է արձագանքում Մարինան, սա էլ է շատ խնդրային»:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Այս ակցիայով նրանք փորձում էին բարձրաձայնել Նուբարաշենի խճուղում տարիներ շարունակ տիրող գարշահոտության խնդիրը: Երբ ավագանու անդամները փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին  «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդամներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին եւ դրա համար էլ հարվածել է նրան: Զարուհի Փոստանջյանն ու խմբակցության անդամները դիմել են իրավապահ մարմիններին:

Տպել
Ամենաշատ