News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին:

Հանդիպման սկզբում շնորհավորելով Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարարի պաշտոնում վերանշանակվելու եւ տնտեսական հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նախարարը կշարունակի իր ակտիվ գործունեությամբ նպաստել երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը:

Նշելով, որ Հայաստանը կարեւորում է Քուվեյթի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ձեւավորված ամուր փոխգործակցության եւ միջպետական հարաբերություններում արձանագրված առաջընթացի մասին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին եւ ժողովրդին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության համար:

Քուվեյթի սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարն ընդգծել է, որ իր երկրում մեծագույն հարգանք են տածում հայ համայնքի եւ բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, ինքն էլ անձամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, որտեղ, որպես զբոսաշրջիկ, հաճախ է այցելում եւ նույնը խորհուրդ տալիս իր հայրենակիցներին: Նախարարը գոհունակությամբ է նշել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ ստեղծված արդյունավետ համագործակցության մասին եւ ընդգծել, որ այն նոր ծրագրերով, ինչպես նաեւ փորձի փոխանակմամբ խորացնելու նպատակով իր հայ գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ: Նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի հավաստմամբ, այդ այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ հուշագրի կնքում երկու նախարարությունների միջեւ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Քուվեյթի Պետության աջակցությամբ տարեցների համար արժանավայել պայմանների ստեղծման՝ ծերանոցի նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խնամքի կարիք ունեցող մարդկանց օգնելը աստվածահաճո գործ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ