News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները արջի ծառայություն են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը։

Դիտարկմանը, որ հենց Տարոն Մարգարյանի հրահանգով են նրանք հարձակվել ընդդիմադիր կանանց վրա, Սարոյանը պատասխանեց. «Ինքն ասեց` դեմն առեք, էդ չի նշանակում քելեք տփեք էդ կնանիքին։ Ինչ գիտեր, մեջն ինչ կա»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

Տպել
Ամենաշատ