Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ իշխող կուսակցության համագումարին արված հայտարարությունը Բաքվում թյուրըմբռնում է առաջացրել: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը եւ բարձր մակարդակի երկխոսությունը՝ մենք սխալ ենք համարում երկրի ղեկավարի խոսքերի նկատմամբ նման վերաբերմունքի արտահայտումը»,- վրդովվել է Հաջիեւը: Փորձելով հարթել բացասական տպավորությունն Ալիեւի հայտարարությունից՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է. ««Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության Vl համագումարի ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է ոչ թե ադրբեջանական պատմական հողերի վերադարձի, այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի մասին: Պետության ղեկավարի ելույթը տարածվել է մամուլում տարբեր լեզուներով, այդ թվում նաեւ` ռուսերեն լեզվով ամբողջական թարգմանությամբ»:
Իսկապես, փետրվարի 8-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Vl համագումարի ժամանակ Իլհամ Ալիեւը չի հայտարարել տարածքների վերադարձի մասին: Նա ասել է հետեւյալը. «Մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերի մասին: Դա պետք է մեր ապագա գործունեության ուղղությունը դառնա, ինչպես եւ մենք աշխատում ենք հիմա: Մեր պատմական հողերը Երեւանի խանությունն է, Զանգեզուր-Գյոյչան: Ինձ ուրախացնում է այն, որ մեր պատմական հողերի պատմության հետ կապված ծանրակշիռ գիտական աշխատանքներ են գրվում, ֆիլմեր նկարահանվում, ցուցահանդեսներ կազմակերպվում: Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս հարցում եւ աշխարհի տարբեր շրջաններում ներկայացումներ եւ ցուցահանդեսներ անցկացնենք: Քանի որ Երեւանը մեր պատմական երկիրն է, մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը: Սա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին »:
Ինչպես եւ սպասվում էր, նման ագրեսիվ հայտարարությունը գովաբանության առիթ չդարձավ: «Մոսկվայում, իհարկե, տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթի մասին հաղորդումները: Մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի՝ հարեւան Հայաստանի հետ հարաբերությունները չափազանց լարված են: Նշված հայտարարությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»,- նախօրեին Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալիեւի հայտարարությունը:
Ինչ խոսք, բառերի աճպարարությունն ադրբեջանցի պաշտոնյաների ոգով է: Սակայն սեփական նախագահի հայտարարության իմաստի նման «թյուրըմբռնումը» չափազանց է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առավել աշխատասեր ներկայացուցիչների մտավոր զարգացման համար:
