News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանակում 8 տարի առաջ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը օրերս հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ պաշտպանության նախարարին ներկայացրել է իր որդու մահվան հանգամանքները, սակայն, վերջինը նշել է, որ ոչնչով չի կարող նրան օգնել: Տիկին Իրինայի պնդմամբ, որդու՝ բանակում մահանալու հանգամանքները ամեն կերպով կոծկվում են եւ պատկան մարմինները հենց դրա համար է, որ ոչինչ չեն ձեռնարկում:

«Վիգեն Սարգսյանին դիմում էինք ներկայացրել, երեք ամիս առաջ գնացել էինք մոտը, ես Վիգեն Սարգսյանին ասացի, որ ապացուցված է, որ տղայիս սպանել են, էն, որ ասում եք ուռուցք է ունեցել, դա էլ է հերքվել փորձաքննությամբ: Նայեց, հետո ինձ ասաց՝ հա, դուք ճիշտ եք, բայց ես իրավասու չեմ: Ես էլ որպես սպանված զինվորի ծնող չդիմացա ու ասացի՝ գիտեք դուք ինչի իրավասություն չունեք, որովհետեւ բանակում չեք ծառայել, չգիտեք ինչ բան է դիրքը, խրամատը, ասաց էդ գործով չեմ կարա օգնեմ, ուրիշ ինչո՞վ կարամ օգնեմ, ասի ինձ ոչ մի բանով չես կարող օգնել: Ես որ իրան ասի՝ բանակում չեք ծառայել, դրա համար էլ այսպիսի պատասխան եք տալիս, ինձ ասաց՝ Դուք ինձանից ներողություն պիտի խնդրեք: Ասի՝ ոչ թե ես պետք է ներողություն խնդրեմ, այլ դուք պետք է ներողություն խնդրեք բոլոր այն ծնողներից, ում երեխաների գլուխը բանակում կերել են»,-ասաց նա:

Տիկին Իրինան նշեց, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հանդիպել է սեւազգեստ մայրերին, զրուցել նրանց հետ եւ խորհուրդ տվել՝ կառավարության շենքի դիմաց այլեւս չկանգնել, իսկ երբ որոշ ժամանակ անց նրանց կառավարության շենքի դիմաց կանգնած է տեսել՝ զարմացել է. «Որոշել էր հոգեբանական աշխատանքներ տանել մեր հետ...կառավարության դիմաց Արտակ Զաքարյանը տեսավ ինձ, ասում ա՝ կառավարության շենքի մոտ մի կանգնի: Մի խոսքով, Արտակ Զաքարյանը որոշել էր, որ պետք է խոսի եւ համոզի, որ չգնանք կառավարության շենքի դիմաց: Նա սխալվում է, որովհետեւ ես չեմ պատրաստվում իմ բերանը փակել, ես պետությանը տղա եմ տվել, նրան սպանել են եւ քանի դեռ իմ տղային սպանողի ձեռքերը հրապարակային չեն կտրում՝ ես քանի շնչում եմ, իմ երեխու արյունը չեմ ծախելու»:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի տվյալների, ժամկետային զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանը, 2010թ. դեկտեմբերի 15-ին իրեն վատ է զգացել, շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հոսպիտալ: 2010թ. դեկտեմբերի 17-ին վիրահատվել է, դեկտեմբերի 21-ին մահացել` այդպես էլ գիտակցության չգալով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության միջադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Տպել
Ամենաշատ