News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին ու հայտնել որոշման մասին. համաձայն է իշխող ՀՀԿ-ի կողմից Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրվել: Վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում ամբողջ էությամբ ու եռանդով տրվելու է այդ շատ պատասխանատու գործին: Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ ուշադիր հետեւել է Արմեն Սարգսյանի հանդիպումներին: Նախագահը գոհ է դրանցից. հանդուրժողականության եւ երկխոսության պատրաստակամություն է նկատել: Սերժ Սարգսյանը կրկին հույս է հայտնել, որ Ազգային ժողովում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա համերաշխության պայմաններում: Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին: Առաջին իսկ փուլով ընտրվելու համար Արմեն Սարգսյանը պետք է 79 պատգամավորի կողմ ձայնը ստանա:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրաժարական է ներկայացրել: Թովմասյանը տեղափոխվելու է Սահմանադրական դատարան. նախ՝ որպես անդամ, իսկ հետո կառաջադրվի ՍԴ նախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ գործող նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է մարտի 23-ին: Այդ պաշտոնում Հարությունյանին փոխարինելու տեղեկությունը, սակայն, Հրայր Թովմասյանը դեռեւս չի հաստատում: Լրագրողների հետ զրույցում Թովմասյանն ասել է՝ պատրաստվում է գնալ ու գլուխը կախ աշխատել:

«Ելք»-ի նախաձեռնությամբ այսօր թանկացումների թեմայով Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել: Օրակարգում մեկ հարց էր՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը: «Ելք-ն առաջարկում է, մասնավորապես, վերադառնալ բենզինի եւ դիզվառելիքի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերին, ինչպես նաեւ նվազեցնել մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը: Նիկոլ Փաշինյանը խոսել է գնաճի մասին՝ նշելով դրա վրա ազդող գործոնները. միջազգային շուկայում գների վայրիվերումներ, գնաճային սպասումներ եւ ընտրակաշառքների վերադարձ: Որպես վերջին գործոնի օրինակ՝ նա մատնանշել է շաքարավազի շուկայում տիրող իրավիճակը:

Նաիրա Զոհրաբյանն էլ առաջարկում է պատասխանատվության ենթարկել Ազգային վիճակագրական ծառայությանը կամ այն պաշտոնյաներին, որոնք ապատեղեկատվություն են տրամադրում վարչապետին 2.6 տոկոս գնաճի մասին: Նա գնաճի մասին կառավարության վերլուծությունից առանձնացրել է BMW-ի «ֆառերի» գների նվազման մասին կետն ու գնաճի նման հաշվարկը պրիմիտիվ, էժանագին մանիպուլյացիա որակել: Իսկ այն տնտեսագետներին, որոնք կկարողանան վերջապես հաշվարկել նվազագույն սպառողական զամբյուղը, Նաիրա Զոհրաբյանը խոստանում է Նոբելյան մրցանակի ներկայացնել:

Խորհրդարանը, ի վերջո, 38 դեմ, 35 կողմ ձայներով մերժել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Օրինագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, կողմ՝ «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները:

Ազգային ժողովում չեն շրջանցել նաեւ օրեր առաջ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի թեման: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», զանգահարել է ավագանու իրենց խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին եւ սպառնացել: Պատճառը ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Սիմոնյանի մեկնաբանությունն է:

Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքից նոր մանրամասներ են հայտնի: Դատաբժիշկները հայտնել են, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված 37-ամյա կինն ու 9-ամյա աղջիկը մահացել են դիերը հայտնաբերելուց 48 եւ ավելի ժամ առաջ, կամրջից ընկնելու հետեւանքով ստացած բազմաթիվ վնասվածքներից: Գայանե Հարությունյանին ու նրա դստերը որպես անհետ կորած որոնում էին փետրվարի 13-ից:

Քրեական գործով պարզվել է, այդ օրը երեկոյան կինը դստեր հետ գնացել է «Տաշիր պիցցա»-ի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել պատվերն ու հեռացել: Իրավապահները փորձում են հարակից տարածքի արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով պարզել նրանց երթուղին: Հարեւանները մեր թղթակցին պատմել են, որ փետրվարի 13-ին Գայանեն հորն ասել է, որ երեխայի հետ խանութ է գնում. մայր ու աղջիկ դուրս են եկել տանից ու չեն վերադարձել: Հայտնի է նաեւ, որ Գայանե Հարությունյանն ԱԻՆ-ում է աշխատել: Կինն ամուսնալուծված է եղել, դստերը թույլ չի տվել շփվել նախկին ամուսնու ընտանիքի հետ, քանի որ, ըստ տեղեկությունների, նրանք աղանդի հետեւորդ են, եւ մայրը չի ցանկացել, որ մանկահասակ դուստրն ազդեցության տակ ընկնի:

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը պնդում է, որ եղբոր սպանությունը եղել է խմբակային, կազմակերպված: Այսօրվա դատական նիստում Արամ Սիմոնյանը դատարանին դռնփակ նիստ անցկացնելու միջնորդություն է ներկայացրել: Տուժողի իրավահաջորդը նշել է, որ նշվելու են անուններ եւ չի ցանկանում, իր խոսքով, որոշ մարդկանց «տուն քանդել»: Նա նաեւ դատարանին սկավառակ է ներկայացրել՝ վստահեցնելով, որ այն հետազոտելուց հետո քրեական գործի վերաբերյալ շատ բան կբացահայտվի: Արամ Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ նախաքննության ընթացքում վկաները սուտ մատնություն են տվել, որոնք դատական պրոցեսի ընթացքում եւս բացահայտվելու են: Դատարանը հետաձգել է Սիմոնյանի միջնորդության քննարկումը: Միաժամանակ, դատարանը բավարարել է սպանվածի կնոջ՝ ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու մասին նրա պաշտպանի միջնորդությունը:  Նախորդ նիստին ամբաստանյալը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում աջադրված մեղադրանքում:

Հարավային Կորեայում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերում ելույթն ավարտեց նաեւ Միքայել Միքայելյանը: 18-ամյա դահուկորդն այսօր հանդես է եկել 15 կմ դասական ոճում՝ զբաղեցնելով 83-րդ տեղը: Փետրվարի 13-ին էլ Միքայելյանը դահուկավազքի սպրինտում գրավել էր 72-րդ տեղը: Փհենչհան 2018-ում երեկ ելույթն ավարտեց նաեւ Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը: Իսկ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հանդես կգա միայն լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում՝ փետրվարի 22-ին:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է անգլիական ակումբի պաշտոնական կայքում: Արդյունքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ճանաչվել է շվեդական ակումբի դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի ավագը ստացել է ձայների 63 տոկոսը՝ առաջ անցնելով այդ խաղում գոլի հեղինակ դարձած Մեսութ Օզիլից: Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել է 3։0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Փետրվարի 16-ին դոլարը շարունակել է թուլանալ, եվրոն՝ ամրապնդել դիրքերը: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 602, ռուբլունը՝ 8 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 678 դրամ:

Փետրվարի 17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ նույնքան կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ