News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արեւիկ Թաթոյանն ու Գոհար Թաթոյանը Լոռու մարզի Աքորու դպրոցի արդեն նախկին աշխատակիցներ են. երկար տարիներ որպես հավաքարար աշխատած կանայք վերջերս են դպրոցի տնօրեն Կիմ Պետրոսյանի հրամանով ազատվել աշխատանքից:

Լոռու մարզպետի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելության ժամանակ դժգոհելով տնօրենի կայացրած որոշումից, նրանք բարձրաձայնեցին՝ տնօրենն իրենց աշխատանքից ազատել է իր անձնական աշխատանքները չկատարելու համար:

«Ես ուզում եմ բոլորն իրականությունն իմանան: Ինքն իր պաշտոնը չարաշահում է, քաղվածքը դնելով ձեռներս, հետն էլ վախեցնելով, թե՝ դե հմի ուր ուզում եք գնացեք բողոքեք: Դատարան չէ, մարզպետարան չէ, նախագահական չէ, ասողը ես եմ»,- ասում է Ա. Թաթոյանը:

Վերջինիս խոսքով՝ տնօրենն ազատվում է անցանկալի կադրերից, փոխարենն աշխատանքի է ընդունում իր բարեկամներին. «Ինքը դպրոցը դարձրել է սեփականություն: Իրա տիկինը՝ Վարդեւանյան Գայանեն է, ասում է՝ իմ հարազատները տեն աշխատի: Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ Թաթոյան ենք»,- անկեղծանում է տիկին Արեւիկը:

Կանայք դժգոհում են՝ աշխատանքային տարիների ընթացքում տնօրենն իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել:

«Հաթաթա տալով աշխատում է ինքը: Հետեւներիցս հայհոյում է, մի գործը որ սրտովը չի լինում, հայհոյում է»,- նշում է Գ. Թաթոյանը:

«Հինգ տարի նա նստել է մեզ տնօրեն, նա մեզ նվաստացրել է... Նրա համար, որ իր սեփական աշխատանքները մենք չենք արել, դրա համար էսօր մեզ կրճատել ա»,- հավելում է գործընկերը:

Նախկին աշխատակիցների պնդումների հետ դպրոցի տնօրեն Կիմ Պետրոսյանը համաձայն չէ: Նա աշխատակիցների բողոքը համարում է շանտաժ, քանի որ ինչպես ինքն է նշում, ասված որեւէ խոսք իրականությանը չի համապատասխանում: Տնօրենի խոսքով՝ աշխատակիցները աշխատանքային տարիների ընթացքում արժանացել են բանավոր ու գրավոր նկատողությունների աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու համար:

Ինչ վերաբերում է բարեկամներին աշխատանքի ընդունելու պնդմանը, Կ. Պետրոսյանն ասաց. «Ես դպրոցում չունեմ աշխատող որեւէ բարեկամ, հարազատ: Դպրոցում աշխատող միակ բարեկամը կինս է»:

Աշխատող-տնօրեն կոնֆիլիկտը պարզաբանելու ու տեղում իրավիճակին ծանոթնալու համար Լոռու մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչներն առաջիկա օրերին կմեկնեն Աքորի:

Տպել
Ամենաշատ