News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստացի Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ժողովրդի իշխանության բաշխման համակարգը չի փոխվել. շարունակում է գործել հաղթողին ամեն ինչ եւ պարտվողին ոչինչ սկզբունքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, իշխանություններն, ըստ էության զբաղված են իմիտացիոն գործընթացներով եւ դրական տեղաշարժեր չեն արձանագրվել, որի արդյունքում պետություն առաջ չի շարժվում:

«Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ֆորմալ կերպով, իբրեւ թե դարձել է պառլամենտական հանրապետություն, սակայն փաստացի իշխանության վերաբաշխում տեղի չի ունեցել: Խորհրդարանը չի ստացել Սահմանադրությամբ ենթադրվող երաշխավորվող իր լիազորություններն ու կշիռը, չեն ստեղծվել փոխզիջման ու հավասարակշռման մեխանիզմներ: Էական սահմանափակումներ են արձանագրվել ընդդիմության իրավունքների ոլորտում, որի հետեւանքով իշխանությունը փաստացի դարձել է անվերահսկելի»,-ասաց Մարուքյանը:

Նրա ներկայացմամբ, ուժեղ նախագահական իշխանությունը փոխարինվում է ուժեղ վարչապետական կառավարմամբ. «Խորհրդարանական կառավարման քողի ներքո հաստատվում է մեկ անձի անհամաչափ ուժեղ իշխանություն: Ավելին, նոր վարչապետի լիազորությունները երբեմն գերազանցում են գործող նախագահի լիազորությունները: Մի շարք օրենքներում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ սահմանադրությամբ:

Ավելին, օրենքների մակարդակում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք, որոնք խմբագրելով սահմանադրությունը կրճատում են նախագահի առանց այդ էլ նվազ լիազորությունները, փաստացի նսեմացնելով նախագահի ինստիտուտը եւ զրկելով նրան անաչառ արբիտրի սահմանադրությամբ նախատեսված նոր դերից: Սա ստեղծում է քվազի պառլամենտական հանրապետություն՝ սուպերվարչապետական լիազորություններով»,-ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է  ՀՀ-ի քաղաքական համակարգի կայացման եւ ժողովրդավարության կայացմանը, դառնալով մեծագույն սպառնալիք պետականության համար. «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս Հայաստանում սահմանադրական ամբողջական եւ համապարփակ իրագործման պահանջով: Առանց քաղաքական հավասարակշռման հնարավոր չէ առողջացնել ՀՀ-ի հիվանդ քաղաքական համակարգը եւ զարգացնել տնտեսությունն ու պետական ինստիտուտները»,-նշեց ԼՀԿ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ