News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

41-ամյա Աննա Վարդանյանն իր որդու՝ 11-ամյա Սուրեն Վարդանյանի հետ ապրում է Հրազդանի Վանատուր թաղամասի վարձակալած տանը, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հոգալ իր եւ որդու խնդիրները: NEWS.am-ի այցի ժամանակ 11-ամյա տղան բակում ցախ էր կոտրում՝ վառարանը վառելու  համար: Այսօր այս փոքրիկ ընտանիքի ամբողջ հոգսն ընկած է 11-ամյա տղայի ուսերին, ով ընկերների հետ խաղը թողած, փորձում է տնային ամեն գործ անել:

«2004թ-ին թունավոր ճանճ ոտքս կծեց, որից հետո ինֆեկցիա անցավ, էդ ժամանակ ամուսնացած էի ու Կրասնոդարում եմ ապրել: Երեք անգամ վիրահատեցին, բացեցին, մաքրեցին, մի քանի ամիս լավ էի զգում, հետո նորից ոտքս ուռչում ու ցավն էլ սաստկանում էր: Ընտանեկան խնդիրների պատճառով ամուսնալուծվեցի ու եկա Հայաստան՝ հայրական տուն: Այդ ժամանակ Սուրենս արդեն ծնվել էր: Չնայած հորս տանն էի, ամեն ինչ նորմալ էր: Հայրս աշխատում էր, ես էլ էի աշխատում՝ ջերմոցում, առեւտուր էի անում, բայց գնալով ոտքիս վիճակը վատացավ ու գումար չլինելու պատճառով բժշկի չդիմեցի: Հորս հիվանդության պատճառով տունը վաճառեցինք ու տեղափոխվեցինք Վանատուր՝ վարձով ապրելու: Գնալով խնդիրները շատանում էին ու այլեւս չէի կարող մտածել բուժվելու մասին»,-պատմում է Աննան:

Նրա խոսքով, հոր ու մոր մահից հետո այլեւս չի կարողանում ծայրը ծայրին հասցնել. «Դուք տեսաք իմ ոտքը, ցավն էնքան ուժեղ է, որ չեմ կարողանում համարյա շարժվել ու ֆիզիկական աշխատանք անել: Գրեթե ամեն ինչ Սուրենն է անում, լվացք եմ անում, ինքը փռում է, ցախ է կոտրատում, հավերին է նայում, բոստան է անում, բերք հավաքում, նույնիսկ ճաշն է եփում: Երբ էս անզոր վիճակից լացում եմ, ասում է՝ մամ, մի արա, թող, դու ոչնչի մի կպի, ինչ պետք ա, ես կանեմ: Մանկություն իմ հրաշքը չի տեսել: Ես էս պահին մենակ մի բանի մասին եմ երազում, կարողանամ բուժվել, աշխատեմ ու իմ հրաշքին իր նպատակին հասցնեմ, քանի որ մի տարի առաջ գնացի բժշկի, ասաց, որ գանգրենայի նշաններ է տեսնում: Ուղեգիր պիտի տար, որ գնամ Երեւան՝ բուժվելու, բայց ինչո՞վ բուժվեմ ու սենց մնացի…»,-պատմեց Աննան:

NEWS.am-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ իր միակ երազանքը մայրիկի առողջությունն է, իսկ ինքը ոչ մի դժվարությունից չի վախենում ու չի հոգնում. «Ես ամեն գործ անում եմ, դասի եմ հաճախում, գնում եմ դպրոց, գալիս, մի ժամ հետո գնում եմ երգի խմբակի: Էդ մի խմբակն եմ գնում, որովհետեւ անվճար է: Մենք փող չունենք, որ ուրիշ տեղեր գնամ: Հիմա մենք շատ պարտքեր ունենք, գնում եմ խանութից բերում եմ, հետո տանում տալիս: Ես երազում եմ բժիշկ դառնալ, որ մորս ոտքը բուժեմ ու նաեւ երգիչ եմ ուզում դառնալ: Ես էս աշխարհում մենակ մորս ունեմ, ուրիշ ոչ ոք, իսկ դժվարությունները տղայի համար են»,-նշեց Սուրենը:

Միայնակ մոր պատմելով՝ բացի հարեւաններից իրենց ոչ ոք չի օգնում, նույնիսկ երեխայի կենսաբանական հայրը: Ընտանիքի միակ եկամուտը 24 000 դրամ նպաստն է, որից 5000 դրամը տան վարձ են տալիս, 10 000 դրամը՝ կոմունալ վարձերը, մնացածով էլ փորձում են ապրել: Ստիպված խանութից է պարտքով ապրանք վերցնում, հետո հնարավորության դեպքում ՝օգնում. «Իմ հարեւանները որ չլինեն, չգիտեմ ինչ կանենք, վառելափայտ են տալիս, հաց, ինչ-որ պատահի: Ես էլ ձուն հավաքում եմ, տանում ծախում, տեղը ալյուր կամ մի ուրիշ բան վերցնում: Ոտքիս խնդիրը որ չլինի, ես պարապ չեմ նստի… նույնիսկ չեմ կարողանում երկար քայլել: Սուրենին ասել եմ, տատիկի չալիկը տուր քայլեմ, ջղայնացել ա, ասում ա՝ ես քեզ չեմ ուզում չալիկով տենամ, ես կանեմ ամեն ինչ: Երբեմն ինձ ցույց չի տալիս, բայց իմ էրեխեն ա, ես տեսնում եմ, որ լացում ա, որ նեղվում ա»,-նշեց Աննան:

Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել՝077531862 հեռախոսահամարով՝ Աննա Վարդանյանին

Տպել
Ամենաշատ